Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ցեղասպանությունը ճանաչած Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ

24 Հոկտեմբեր, 2015 20:44
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ցեղասպանությունը ճանաչած Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող եւ մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ:

Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը` նշելով, որ նման մեղադրանք Զարաքոլուին առաջադրվել է 2010 թվականին քրդական Roj TV հեռուստաալիքին տված մի հարձազրույցի առնչությամբ:

Զարաքոլուի նկատմամբ հետաքննությունն Անկարայի դատախազության հանձնարարությամբ սկսվել է դատախազ Ռամազան Դինչի կողմից 2010 թվականին նրա դեմ բացված «Սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունների հետաքննության դոսյե» գործի շրջանակում, որով անցնում են եւս 9 լրագրողներ:

Զարաքոլուի գլխավորած «Բելգե» հրատարակչությունը հանդես է եկել թեմայի հետ կապված հայտարարությամբ, որում նշել է, որ Զարաքոլուն որեւէ հարցազրույց չի տվել հիշյալ հեռուստաալիքին, եւ որ նրա դեմ «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքը շինծու է:

Հրատարակչությունը Զարաքոլուի դեմ հետապնդումները բացատրել է այն բանով, որ վերջինս մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այս տարվա ապրիլի 22-23-ին Երեւանում կազմակերպված Համաշխարհային գիտաժողովին եւ հանդես եկել ցեղասպանությունը ժխտողների դեմ քննադատությամբ:

«Երեւանում ունեցած ելույթից հետո Ռագըփ Զարաքոլուի դեմ «օրակարգ հանվեց դարակում նիրհող դոսյեներից մեկը»«, - նշել է հրատարակչությունը:

Թուրքական կայքը հայտնում է, որ Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ նման «մեղադրանքն» առաջինը չէ: 2011 թվականի հոկտեմբերին ահաբեկչական կազմկերպությանն օգնելու մեղադրանքով 5 ամիս ժամկետով կալանավորվելուց հետո Զարաքոլուն դատարանի որոշման համաձայն ազատ էր արձակվել: Նա կալանավորվել էր Թուրքիայի խորհրդարանում պաշտոնապես ներկայացված Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (BDP) Քաղաքականության ակադեմիայի բացման ժամանակ ելույթ ունենալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին