Կարևոր իրադարձություններ

Ինչի պատճառով կարող են լարված լինել գլխավոր դատախազի և նրա տեղակալի հարաբերությունները

24 Հոկտեմբեր, 2015 17:18
Ինչի պատճառով կարող են լարված լինել գլխավոր դատախազի և նրա տեղակալի հարաբերությունները

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն  Բատիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Բատիկյանը ազատումը կապվում է նրա հանդեպ Գևորգ Կոստանյանի վերաբերմունքի հետ: Ըստ տարածված տեղեկությունների, դատախազությունում շարունակվում են ներքին հակամարտությունները:

Լուրերը, թե Գևորգ Կոստանյանը ցանկանում է հին կադրերից ազատվել, տարածվեցին նրա՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո: Գլխավոր դատախազն այդ կերպ ըստ էության կկարողանար ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ:

Կարեն Բատիկյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի մտերիմն է, ում հետ ևս լարված հարաբերություններ ունի Կոստանյանը:

Հրաչյա Բադալյանը համարվում է Հովիկ Աբրահամյանը հովանավորյալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Կոստանյանը Բատիկյանին հրահանգել է ազատաման դիմում գրել ու հեռանալ:

Նշենք, որ Կարեն Բատիկյանը  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախկին դատախազ է:

Մինչ շրջանառվում են այս վարկածները, դատախազի պաշտոնից ազատված Կարեն Բատիկյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ ցանկանում է հանգստանալ:

Բատիկյանը դատախազության ավագ դատախազի պաշտոնում է 2015թ. ապրիլից:

Իսկ ահա Հրաչյա Բադալյանը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2013թ. հոկտեմբերի 10-ին: Մինչ այդ նա եղել է   Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազ:

Հիշեցնենք,որ երբ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնեց իր լիազորությունները, գլխավոր դատախազի հավանական թեկնածուների թվում էր նաև Հրաչյա Բադալյանը: Դեռ ավելին՝ տեղեկություններ էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը  գլխավոր դատախազի նշանակման հարցում տատանվում է երկու հիմնական թեկնածուների՝ Արթուր Օսիկյանի և Հրաչյա Բադալյանի միջև:

Թե որոնք են Գևորգ Կոստանյանի և նրա տեղակալ Հրաչյա Բադայանի հարաբերությունների լարվածության պատճառը, դեռ հստակ պարզ չէ, սակայն բացառված չէ նաև, որ վերոնշյալ հանգամանքն է իրենն արել ու ժամանակին գլխավոր դատախազի հավանական թեկնածուներ համարվողների միջև բազմաթիվ հարցեր կան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին