Կարևոր իրադարձություններ

Երևանում հանդես կգա Անգլիայի ազգային բալետը՝ «Ժիզել» ներկայացման ցուցադրություններով

07 Մայիս, 2024 19:44
Երևանում հանդես կգա Անգլիայի ազգային բալետը՝ «Ժիզել» ներկայացման ցուցադրություններով

Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում հանդես կգա Անգլիայի ազգային բալետը՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրություններով:

Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետային ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի տարածաշրջանում՝ հավակնելով դառնալ տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը:

Անգլիայի ազգային բալետի թատերախումբը՝ գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերը Երևան կժամանեն հատուկ չվերթով, արդեն Երևանում են ներկայացման ռեկվիզիտները, դեկորացիաները, լուսային-ձայնային տեխնիկական հատուկ միջոցները:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հյուրախաղերին ընդառաջ, իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ, թատրոնի վերանորոգման, վերազինման և հատուկ կահավորման մասերով:

Հյուրախաղերն իրականացվել են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում:

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան ս/թ մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, մայիսի 11-ին, ժ. 14:00-ին և 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ս/թ մայիսի 10-ին, ժ. 09:50-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդունելությունների սրահում տեղի կունենա Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինը (Aaron S. Watkin), գլխավոր դերակատարներ Էրինա Տակահաշին (Erina Takahashi) և Ջեյմս Սթրիթերը (James Streeter), մամլո պատասխանատու Ինես Կարվալյոն (Ines Carvahlo):

 

 

Լրահոս

Դիտել ավելին