Կարևոր իրադարձություններ

Չարլզ Թեննոքը կոչ է անում հարգել Մինսկի խմբի ջանքերը և դադարեցնել բախումները

02 Ապրիլ, 2016 20:09
Չարլզ Թեննոքը կոչ է անում հարգել Մինսկի խմբի ջանքերը և դադարեցնել բախումները

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների խմբի անդամ դոկտոր Չարլզ Թեննոքը կոչ է անում հարգել Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, դադարեցնել բախումները: Նրա խոսքով` նավթի գնի անկման և բյուջետային ճնշումների պայմաններում Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ճանապարհով որևէ լուծման գնալը վերջին զբաղմունքը պետք է լինի:

«Խորապես ցավում եմ Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների համար, որտեղ իրավիճակը աստիճանաբար վատթարանում էր վերջին վեց ամիսների ընթացքում, սակայն ողբերգական լարվածությունն արձանագրվեց այս մի քանի օրերին ոչ միայն Ադրբեջանի կողմից դիպուկահարների կիրառմամբ, այլ նաև տանկերի, հրետանու և օդուժի օգտագործմամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է եվրապատգամավորը:

Չարլզ Թեննոքը կոչ է արել հակամարտության կողմերին հարգել Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը և զերծ մնալ լարվածության հետագա աճից՝ վերադառնալով բանակցային սեղան:

 

Լրահոս

Դիտել ավելին