Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին:
Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:
Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: