Կարևոր իրադարձություններ

Ինչպես խուսափել հետամուսնական գիրությունից

02 Ապրիլ, 2016 00:24
Ինչպես խուսափել հետամուսնական գիրությունից

Շատ կանայք զգալիորեն գիրանում են ամուսնության հենց առաջին տարվա ընթացքում: Համաձայնիր՝ հաճելի փոփոխություն չէ. ավելորդ ճարպերը ստվեր են գցում քո սեքսուալության և նաև՝ փոխհարաբերությունների վրա:

Սկզբում սերն է, հետո՝ ամուսնությունը, հետո`... ավելորդ 10 կգ գոտկատեղին ու հետույքին... Ցավալի է, բայց՝ փաստ: Ըստ դիետոլոգների՝ ամուսնության առաջին հինգ տարիների ընթացքում գիրանալը կանանց համար բնականոն երևույթ է:

Ուսումնասիրությունները փաստում են` կանանց մեծամասնությունն ամուսնության առաջին տարում գիրանում է մոտ 10-11 կգ-ով: Սակայն պետք չէ ընկնել դեպրեսիայի մեջ. դու մոլորակի միակ գիրուկը չես, ով չի կարողանում կրել իր «աղջիկ ժամանակվա» տաբատը: Պարզվում է`անփորձ ամուսինները նույնիսկ սկզբում շփոթվում են` տեսնելով, որ իրենց նախկին հարսնացուի և ներկայիս կնոջ զգեստի չափսը երկու անգամ գերազանցում է նախկինին: Առաջինը, որ կարող է անցնել նրանց մտքով, այն է, որ կնոջն այժմ ավելի քիչ են հուզում իրենց հարաբերությունները: Սա դեռ հարցի հոգեբանական կողմն է, այնինչ, մասնագետների կարծիքով, գիրությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել անկողնում:

Գիրանալու պատճառները տարբեր են, սակայն գիրությունից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել:

Երբ ցանկանում ես ունենալ հարսնացուին վայել տեսք

«Հաճախ գիրանալը պայմանավորված է նախաամուսնական շրջանով.... Հարսանեկան նախապատրաստությունների լարվածության հետևանքով, նաև՝ դիետաների շնորհիվ շատ կանայք եկեղեցի են մտնում սովորականից անհամեմատ ցածր քաշով: Շատ դեպքերում նրանք նույնիսկ ծայրահեղ միջոցների են դիմում` հարսանիքին նախորդող վերջին մեկ ամսվա ընթացքում շատ քիչ սնվելով ու մարզվելով օրական 2 ժամից ավելի»,- ասում է դիետոլոգ Դանիել Շուպը: Այդպես շարունակելն անթույլատրելի է. դա կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման: Եթե անգամ ամուսնությունից հետո էլ վարվես նույն կերպ, միևնույն է` գիրանալու ես: Շուպը խորհուրդ է տալիս խուսափել արագ ազդող դիետաներից ու մարզումներից: Փոխարենը սկսիր հետևել կազմվածքիդ ավելի վաղ, ասենք, երբ նոր ես նշանվել. այսպիսով՝ ավելորդ կիլոգրամներից կազատվես դանդաղ, բայց... կայուն կերպով:

Երբ սնվում ես «տղամարդավարի»

Այս հարցում ամուսինդ մեղքի իր բաժինն ունի: «Կանայք հակված են ընդօրինակելու իրենց տղամարդուն սննդի հարցում`օգտագործելով կալորիաներով հարուստ, անառողջ սնունդ»,- բացատրում է լոսանջելեսցի դիետոլոգ Նատալի Ռոզենսթոքը: Ամուսնանալուց հետո այս միտումն ավելի է սրվում, քանի որ գործում է «մենք կիսում ենք ամեն ինչ, նույնիսկ դիետիկ հակումները» սկզբունքը: Բացի այդ, ամուսնությունից հետո սնվելուն ավելի շատ ժամանակ է հատկացվում. սկսում եք միասին ուտել կամ պատրաստել: Բնական է, որ կինը փորձում է հաճոյանալ ամուսնուն:

«Այդ պահին բավական է հիշես, որ ընդօրինակում ես որևէ մեկին, թեկուզ և նա քո ընկերն է կամ ամուսինը, և կխուսափես դրանից,- ասում է Ռոզենսթոքը:- Փորձիր նաև այս տարբերակը. ռեստորանում առաջինն ինքդ պատվիրիր և, բացի այդ, նախապես ինչ-որ բան կեր տանը: Կարող է պրիմիտիվ թվալ, բայց եթե դու ազատվում ես նրա ազդեցությունից (ինչ է ուտում և ինչ քանակությամբ), դա յուրաքանչյուր ընթրիքի ժամանակ կարող է քեզ ազատել ավելի քան 300 կալորիայից»: Ռոզենսթոքն առաջարկում է մեկ այլ տարբերակ ևս` ուտել քիչ, բայց՝ հաճախ: Սնվելու ինտերվալներում տղամարդիկ սովորաբար ավելի քիչ են որևէ բան ծամում, քան կանայք: Իսկ նոր ամուսնացած կանայք հաճախ փորձում են վերջ տալ ծամելու իրենց սովորությանը, քանի որ կարծում են` չպետք է ուտեն առանց ամուսնու: Սակայն «մենք ուտում ենք միայն միասին» տարբերակը կարող է վտանգավոր լինել:

«Նախորդ տարբերակում դու կալորիաներ ձեռք չես բերում,-ասում է Ռոզենսթոքը:- Թեթև ուտելիքից հրաժարվելը, մանավանդ, երբ օրգանիզմը դրա պահանջն ունի, հանգեցնում է ընթրիքի ժամանակ ուտելիքը չարաշահելուն: Արդյունքն այն է լինում, որ օրվա մեջ ավելի շատ կալորիաներ ես հավաքում, քան, ասենք, եթե կեսօրին հրաժարված չլինեիր մեկ բանանից կամ յոգուրտից»:

Վայելել հանգիստը սիրահարվածների նման

Երբ դեռ ամուսնացած չէիք, անկասկած, հաճախ էիք միասին դուրս գալիս, աշխատանքից հետո հանդիպում ընկերների հետ կամ ժամադրվում հանգստյան օրերին: Ամուսնությունից հետո ձեր առօրյան հիմնականում կառուցվում է անկողնու շուրջ: «Նոր ամուսնացածների համար սովորական է «զույգային պղպջակում» գտնվելը,- ասում է ընտանեկան թերապևտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ջեն Բերմանը:- Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք ամուսնանալուց հետո պասիվ են դառնում. ի վերջո, իսկական հաճույք է կիրակին անցկացնել անկողնում` սավանների մեջ փաթաթված, կամ ուրբաթ երեկոները ֆիլմ դիտել տանը նոր ամուսնու հետ: Արդյունքում՝ կկլորիկանաս այն ակնհայտ պատճառով, որ սկսել ես չսպառել կալորիաները»:

Բերմանը խորհուրդ է տալիս որոշ բաներ պլանավորել նաև տնային առօրյայից դուրս, և պարտադիր չէ, որ դա ինչ-որ լուրջ մարզում լինի. կարող եք գնալ պարելու կամ զբոսնելու: Պարզապես հարկավոր է տեղից փոքր-ինչ շարժվել. կսպառեք ավելորդ կալորիաները և միասին հաճելի ժամանակ կանցկացնեք:

Երբ չափից դուրս մտերիմ եք

«Եվ վերջապես, առկա է ռելաքսի հանգամանքը: Խոստովանիր` նախկինի պես մեծ կարևորություն չես տալիս քո արտաքինով նրան գրավելուն, քո առջև այլևս սահմանափակումներ չես դնում և նախկինի պես քննադատորեն չես մոտենում ճարպի յուրաքանչյուր ավելորդ գրամին»,- ասում է Շափը: «Մենք բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս զերծ մնալ ինքնաքննադատությունից: Բայց բարեկազմ մնալն ավելի շատ բխում է քո շահերից, քան նրա: Նման բացթողումները կարող են առիթ տալ քո տղամարդուն` մտածելու, որ նրան դուր գալու համար այլևս ջանք չես գործադրում,- ասում է Բերմանը,- դա կարող է ստիպել նրան փնտրել իր էգոյի բավարարման այլ ուղիներ, ինչը հաճախ կարող է արտահայտվել նոր հարաբերություններ սկսելով»:

Հարաբերությունների հանդեպ այս անտարբերությունը կարող է ազդել նաև սեքսուալ ցանկության վրա: Բերմանն ասում է, որ շատ կանանց է հանդիպել, ովքեր այլևս չեն ցանկանում սեքսով զբաղվել գիրանալուց հետո, իսկ տղամարդիկ էլ հաստատում են, որ իրենց` հանկարծակի գիրացած կանայք ուշ են գրգռվում: Մեղրամիսն այնքան էլ հարմար ժամանակ չէ նման բաների մասին մտածելու համար:

Այդուհանդերձ, շարունակիր հետևել «աղջիկ ժամանակվա» սովորություններին: Պարբերաբար կշռվիր, քանի որ դիետոլոգները կարծում են, որ հաճախակի կշռվելն օգնում է կանանց կողմնորոշվել սննդի հարցում ու նաև աչալուրջ լինել: Ռոզենսթոքը նաև առաջարկում է այցելել մարզասրահ կամ շաբաթ առավոտները վազել: Օգուտը երկակի է. ամուսինդ կզգա, որ շարունակում ես կարևորել ձեր հարաբերությունները, իսկ դու էլ չես համալրի այն կանանց շարքերը, ովքեր հուսահատ-հիացական հայացքով օրական մի քանի անգամ թերթում են հարսանեկան լուսանկարների ալբոմն ու, խոր հոգոց հանելով, ասում. «Տես` ինչ նիհար էի այս ժամանակ»:

Արդարացի բողոք

Նոր ամուսնացած տղամարդիկ նույնպես գիրանալու հակում ունեն, սակայն, չգիտես ինչու, դա ոչ ոքի չի հուզում...

 

Լրահոս

Դիտել ավելին