Կարևոր իրադարձություններ

«Մեդիապոլիգոն. Երևան-24» նախագիծը կներկայացնի Երևան քաղաքի շուրջօրյա ռիթմը

01 Ապրիլ, 2016 13:26
«Մեդիապոլիգոն. Երևան-24» նախագիծը կներկայացնի Երևան քաղաքի շուրջօրյա ռիթմը

Երևանն այս օրերին հայտնվել է «Մեդիապոլիգոն. Երևան-24» ծրագրի շրջանակում մայրաքաղաք այցելած հայ և ռուս շուրջ 80 լրագրողների դիտակետում: Իննովացիոն կրթական այս ծրագիրը ներառում է «Երևան-24» խորագրով յուրահատուկ մի միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները ներկայացնելու են Հայաստանի մայրաքաղաքի կյանքը՝ վաղ առավոտից մինչև հաջորդ առավոտ: 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր վարչությունների, ստորաբաժանումների, ինչպես նաև տարբեր ծառայությունների գործունեությանը ծանոթանալուց զատ, նախագծում ներգրավված լրագրողները կայցելեն նաև հիվանդանոց, ծննդատուն, թանգարան, դպրոց, մանկապարտեզ, մարզական, մշակութային և այլ հաստատություններ: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կաջակցեն մասնակիցներին, կուղեկցեն նրանց տարբեր հիմնարկներ, կներկայացնեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների գործունեությունը: 
 Արդյունքում Երևանի մասին պատմող, երևանյան առօրյան ներկայացնող նյութերը 24 ժամվա ընթացքում կհրապարակվեն «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի, ինչպես նաև ծրագրի գործընկեր «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ 24.rusrep.ru և arminfo.info հղումներով:
 Ի դեպ, մոսկովյան «Էքսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի կողմից անցկացվող «Մեդիապոլիգոն» նախագիծը մինչ Երևանը, անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ և Սամարա քաղաքներում, ինչպես նաև՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: 
 Հարկ է նշել, որ նախագծի շրջանակում Երևան են ժամանել Ռուսաստանի մի շարք հայտնի լրագրողներ, ովքեր, ինչպես նաև Հայաստանի ճանաչված մի շարք մասնագետներ, շուրջ մեկ շաբաթ վարպետաց դասեր կանցկացնեն ուսանողների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին