Կարևոր իրադարձություններ

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն Ֆրանսիայի Տուլոն քաղաքում

23 Հոկտեմբեր, 2015 20:27
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն Ֆրանսիայի Տուլոն քաղաքում

Ֆրանսիայի Տուլոն քաղաքում այսօր տեղի է ունեցել Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին նվիրված` ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ հայր և որդի` Ժերայր ու Դավիդ Փամբուկչյանների համատեղ ստեղծած հուշարձանի բացման արարողությունը:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հուշարձանը բացվել է ի երախտագիտություն ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, փոխծովակալ Գաբրիել Դարիոյին և «Գիշեն» մարտանավի նավապետ Բրիսոնին, ովքեր 1915թ.-ի սեպտեմբերի 12-13-ին «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա վերցնելով 4100 մուսալեռցիների, փրկեցին վերջիններիս կյանքը:

Միջոցառումը կազմակերպվել էր Տուլոնի շրջանի հայ-ֆրանսիական «Ապրիս» կազմակերպությունը, «Վետերանների և դիմադրության շարժման հայ մարտիկների» հայկական կազմակերպությունների կողմից` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Միջերկրական ռազմածովային բազայի պրեֆե, փոխծովակալ Իվ Ժոլին, Տուլոնի սենատոր-քաղաքապետ Հուբեր Ֆալկոն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, ԱԺ պատգամավոր-փոխքաղաքապետ Ժենեվիեվ Լեվին բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում բանախոսները նշել են, որ մուսալեռցիների տարհանման և փրկության գործում անգնահատելի էր հատկապես ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի դերը:

 

Լրահոս

Դիտել ավելին