Կարևոր իրադարձություններ

Ինչպես իրեն կդրսևորի լրագրողին հարվածած Հայրապետյանը. ՀԷՑ-ը չի մեկնաբանում Սամվել Կարապետյանի աղմկահարույց նշանակումը

23 Հոկտեմբեր, 2015 14:18
Ինչպես իրեն կդրսևորի լրագրողին հարվածած Հայրապետյանը. ՀԷՑ-ը չի մեկնաբանում Սամվել Կարապետյանի աղմկահարույց նշանակումը

«ՉԻ» տեղեկություններով՝ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը ընկերության անվտանգությունը վստահել է Կարեն Հայրապետյանին, ով ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ ԱԺ անվտանգության պետի պաշտոնը։  

 Այս տեղեկությունները բավականին ուշագրավ են այն առումով, որ Հայրապետյանին անդրադառնալու առիթներ մամուլն ունեցել մասնավորապես լրագրողների հետ ունեցած հարաբերությունների պատճառով:  Հայրապետյանը բավականին ակտիվ դրսևորել է իր որակները նախկին պաշտոնում:

 Շատերը կհիշեն նրա և «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպը,  երբ 2014թ սեպտեմբերի 9-ին, «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչների անցկացրած ակցիայի ընթացքում  ԱԺ-ի մուտքի վրա փակցվեց «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ: Դարպասից դուրս եկած Հայրապետյանը հարձակվեց ակցիան լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը: 

Փաստի առթիվ քրեական գործն արագորեն հարցուցվել ու կարճվել է:Հետագայում պարզվեց, որ Կարեն Հայրապետյանը 2014 թ սեպտեմբերի 9-ին անգիտակցաբար է հարվածել «Ա1+»-ի լրագրողին։Դատախազ Հակոբ Ենոքյանը   դատարանում հայտարարել էր, որ նա  չի գիտակցել, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանող Մարինեն Խաչատրյանը լրագրող է։

 Սա միակ դեպքը չէ, երբ լրագրողները տուժել են Հայրապետյանի  դրսևորումներից: Երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնի մասին պայմանագրի վավերացման դեմ լրագրողները ակցիա էին կազմակերպել, լրագրողների օթյակ էին բարձրացել ԱԺ անվտանգության մի քանի աշխատակիցներ, խլել լրագրողներից մեկի պաստառը, այնուհետև նույն օթյակ էր եկել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը և հորդորել լրագրողներին զբաղվել իրենց գործով:

 Համարվում է, որ Կարեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի կադրն է: Վաչիկ Ղազարյանին անդրադառնալու աիռթներ մամուլը ևս մեկ անգամ չէ որ ունեցել է, մասնավորապես վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ  հենց Վաչագան Ղազարյանն է կանգնած  «Համալիրի» սեփականաշնորհման գործարքի թիկունքում:

Ի դեպ, Կարեն Հայրապետյանի նշանակումը ՀԷՑ-ի անվտանգության պետի պաշտոնում մեզ հետ զրույցում հաստատեց ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը: Մեր հարցին, թե ինչպես են ՀԷՑ-ում մեկնաբանում այս նշանակումը և դրան հաջորդող քննարկումները, Նատալյա Սարջանյանը նշեց, որ որևէ կերպ չեն մեկնաբանում այդ ամենը:

Դիտարկմանը, թե նորմալ են համարում ՀԷՑ-ում այդ քննարկումները, նա կրկնեց, որևէ մեկնաբանություն չունեն, միևնույն ժամանակ նկատելով նաև, որ դա հենց մեկնաբանություն է:

Թե ինչպես կդրսևորի իրեն իր նոր պաշտոնում Կարեն Հայրապետյանը, ցույց կտա միայն ժամանակ, իսկ թե ինչու է հենց նրան վստահվել ՀԷՑ-ի անվտանգությունը, պարզ չէ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին