Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկել է ՄԳԻՄՕ-ի միջազգային ֆորումը. ՀՀ Նախագահը կարևորեց ՄԳԻՄՕ-ի դերը Հայաստանի համար (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2015 11:34
Երևանում մեկնարկել է ՄԳԻՄՕ-ի միջազգային ֆորումը. ՀՀ Նախագահը կարևորեց ՄԳԻՄՕ-ի դերը Հայաստանի համար (լուսանկարներ)

Երևանում մեկնարկել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը, որին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Նախագահ Սարգսյանը, կարևորելով ՄԳԻՄՕ-ի դերը Հայաստանի համար որակյալ կադրեր պատրաստելու գործում և ողջունելով ներկաներին, հայտարարեց. «Հայաստանի համար մեծ պատիվ է իր հարկի տակ ընդունել նման կարևոր միջոցառումը»:


Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովին մասնակցելու են ԲՈՒՀ-ի տարբեր շրջանավարտներ ողջ աշխարհից. հայտնի տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, բիզնես հասարակության և խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր. Հայաստան են ժամանել 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 40 երկրներից:


Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությանը: Նախագահն ընդգծեց, որ Հայաստանն առաջիկա 4 տարիների ընթացքում ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը և հույս հայտնեց, այդ ընթացքում հնարավոր կլինի համատեղ ջանքերի շնորհիվ հաղթահարել բոլոր խնդիրները:


Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ ընդգծեց. «Հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի մարդկության դեմ հանցագործություններն այլևս չկրկնվեն: Հայաստանը շնորհակալ է բոլոր այն երկրներին, որոնք միացել են դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանությունների դեմ պայքարի օր սահմանելու Հայաստանի նախաձեռնությանը»:


Նախագահն անդրադարձավ նաև երկրի ներքին խնդիրներին. սահմանադրական բարեփոխումներ, որոնց արդյունքում հստակ կտարանջատվեն իշխանությունների թևերը, կբարձրանա ընդդիմության դերը:


Բացման արարողությանը կհաջորդեն Մոսկվայի Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Լազարյան ճեմարանը երկու կրթօջախներից մեկն է, որոնց հիման վրա կազմավորվել է ՄԳԻՄՕ-ն:


Ֆորումի բացման արարողությունից առաջ մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Լրահոս

Դիտել ավելին