Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել. «Հրապարակ»

23 Հոկտեմբեր, 2015 07:37
ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել. «Հրապարակ»

Հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են «Վարդաշեն» ՔԿՀ ընդամենը 7 ամիս աշխատած պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Մեզ հաջողվեց պարզել, որ նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է: Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Մանուկ Պողոսյանը, լավատեղյակների պնդմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Ասում են՝ Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է այդ փաստը հերքել: Բայց Շահինյանը որոշել է Կոստանյանի «սուտ մատնությունը» քթից բերել՝ հարվածելով նրա մտերիմներին: Եվ, ահա, մի «գողտրիկ» գործ է հարուցել նրա մտերիմի դեմ: Հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, որը թերեւս արվել է ապօրինի: Մենք, անշուշտ, չենք զարմանում, որ ՀՀ քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են: Առավել եւս՝ դատապարտյալներին։ Մեզ պատմեցին, որ կալանավորներից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Եղբայրն ասել է՝ 200 դոլարանոց «սպարտիվկեն» խի՞ տամ, դատապարտյալն էլ, թե՝ չէ, 30 հազար դրամանոցը տվեք: Պետը գնացել-վերցրել է համազգեստը եւ տարել տուն: ՀՔԾ-ն նրա տնից «սպարտիվկան» է առգրավել, խանութից էլ՝ տեսաձայնագրությունը, որտեղ երեւում է, որ պետը գումար չի վճարել, ու այդպես գործ է հարուցվել: Հետագայում թե կալանավորը, թե խանութի աշխատողները հայտարարել են, որ նախնական պայմանավորվածությամբ գումարը վճարելու էր առաջիկայում։

 

Լրահոս

Դիտել ավելին