Կարևոր իրադարձություններ

«Լավով չես ուզում, վատով կանեմ». Ռաֆիկն առևանգել է ամուսնության առաջարկը մերժած ուսուցչուհուն, բայց գործը ամուսնության չի կարողացել հասցնել

23 Հոկտեմբեր, 2015 00:11
«Լավով չես ուզում, վատով կանեմ». Ռաֆիկն առևանգել է ամուսնության առաջարկը մերժած ուսուցչուհուն, բայց գործը ամուսնության չի կարողացել հասցնել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռաֆիկ Միլիտոնյանի և Գուրգեն Գալստյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 25-ամյա Ռաֆիկը 2015 թվականի հունվարի կեսերին ամուսնության առաջարկություն է արել Արարատի մարզի դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի աշխատող Ալլա Ռ.-ին (անունը փոխված է):

Աղջիկը մերժել է Ռաֆիկի առաջարկը: Ռաֆիկն ասել է. «Լավով չես ուզում, վատով կանեմ»:

2015 թվականի փետրվարի 9-ին Ռաֆիկն իր հորաքրոջ որդի Գոռին, վերջինիս փեսաներ Գուրգենին ու Էդգարին հավաքել ու ասել է, թե Ալլան իր ընկերուհին է, նրա հետ ուզում է գնալ Երևանում «զբոսնելու»:

Երիտասարդներից՝ Գուրգենը իր վարած «ԲՄՎ» մեքենայով, նրա հետ՝ Ռաֆիկ Միլիտոնյանը, Գոռն ու Էդգարը նույն օրը, ժամը 15-ի սահմաններում գնացել են Ալլայի բնակավայրը ու նրա տուն տանող ճանապարհի մոտ սպասել են:

Երբ տեսել են ոտքով դեպի տուն գնացող Ալլային, Գուրգենը Ռաֆիկի խնդրանքով մեքենան վարել է աղջկա կողքով ու կանգնել է նրա տան դիմաց:

Ռաֆիկն իջել է մեքենայից, Ալլային բռնի ուժով նստեցրել է մեքենա: Այդ գործողության ընթացքում աղջկա գլուխը դիպել է մեքենայի դռան շրջանակին, աղջիկը, առևանգվելուն զուգընթաց, ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք՝ գլխի աջ կողմնաքունքային շրջանի արյունազեղման ձևով:

Աղջկան մեքենա նստեցնելուն պես Ռաֆիկի պահանջով Գուրգենը վարել է մեքենան: Աղջիկը դիմադրել է, ճանկռել է Ռաֆիկին, պահանջել է, որ իրեն բաց թողնեն:

Գուրգենը, հաշվի չառնելով աղջկա խնդրանքները, նրա կամքին հակառակ մեքենան վարել է Եղեգնաձոր: Աղջկան տարել է նախ իր ազգականի ամառանոց, ապա նույն ազգականի տուն, դրանից հետո էլ՝ Ռուսաստանում գտնվող իր մորեղբոր չբնակեցված տուն:

Այնտեղ Գուրգենը թողել է Ռաֆիկին ու Ալլային, ինքը հեռացել է:

Բայց այս առևանգումն ամուսնությամբ չի ավարտվել, աղջիկը մինչև վերջ մերժել է իրեն առևանգողին:

Փետրվարի 11-ին ձերբակալվել է Ռաֆիկը, իսկ փետրվարի 27-ին՝ Գուրգենը: Նրանք մեղադրվել են մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, նրանց միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող աղջիկը դիմումով դատարանին հայտնել է, որ ներել է ամբաստանյալներին, խնդրել է նրանց նկատմամբ մեղմ լինել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները զղջացել են կատարածի համար,  ամբաստանյալ Գուրգեն Գալստյանի խնամքին է մեկ տարեկան երեխան:

Ռաֆիկ Միլիտոնյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել է 3 տարի իրական ազատազրկման:

Գուրգեն Գալստյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Գուրգենն ազատ է արձակվել դատարանի դահլիճում՝ անազատության մեջ 4 ամիս 22 օր մնալուց հետո:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և Ռաֆիկ Միլիտոնյանի շահերի պաշտպանը:

Եթե դատախազն իր բողոքում խնդրում էր Գուրգեն Գալստյանի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման ու նորից որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, ապա Ռաֆիկի շահերի պաշտպանն իր բողոքով խնդրում էր Ռաֆիկ Միլիտոնյանի նկատմամբ ևս պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, նրան ազատ արձակել դատարանի դահլիճում:

Գուրգենը վերաքննիչ դատարանում ասաց, թե ինքը առևանգվող աղջկա նկատմամբ «վատ» չի վարվել, ֆիզիկապես կամ բառերով նրան «չի ցավեցրել»:

Ռաֆիկ Միլիտոնյանը խնդրեց իր նկատմամբ մեղմ վարվել, կիրառել պայմանական դատապարտություն, ինքը փետրվարի11-ից անազատության մեջ է:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ինչպես մեղադրողի, այնպես էլ Ռաֆիկի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

 

Լրահոս

Դիտել ավելին