Կարևոր իրադարձություններ

Նույնիսկ այդ նամակից հետո չեմ պատրաստվում Մուշեղից հրաժարվել.պաշտպան

22 Հոկտեմբեր, 2015 18:11
Նույնիսկ այդ նամակից հետո չեմ պատրաստվում Մուշեղից հրաժարվել.պաշտպան

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող և քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած Մուշեղ Մխիթարյանը այսօր հերթական անգամ լրատվամիջոցի միջոցով իր նամակն է ներկայացրել:

Նա իր նամակով օգնություն է խնդրել բոլորից. «Ուզում եմ խնդրել ամբողջ հայությանը, որ օգնեն ինձ, այլ հույսեր չկան: Եթե ամեն պատգամավոր իր ամսական աշխատավարձի կեսը նվիրաբերի, ես կփրկվեմ: Եթե ամեն ուսանող հազարական դրամ նվիրաբերի, ես կփրկվեմ: Շուտով բանկի հաշվեհամար է բացվելու, հուսամ բարի մարդիկ անմասն չեն մնա, և արդարությունը կհաղթանակի»,-գրել է նա իր նամակում:

«Միակ ապավենս դատապաշտպանս է, որին պետությունն է տրամադրել, որը, ցավոք, չի կարող ինձ օգնել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս անարդարությունից փրկվելու և արդարությունը վերականգնելու համար ինձ միայն լուրջ փաստաբանները կարող են օգնել, իսկ դրա համար լուրջ գումար է պետք, իսկ ես չունեմ»,-գրել է Մուշեղ Մխիթարյանը:

Shabat.am Մուշեղ Մխիթարյանի նամակի և դրանում տեղ գտած մտքերի մասին զրուցել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանի հետ:

 «Չգիտեմ, ինչու է Մուշեղը կարծում, որ շատ մեծ ցանկության դեպքում էլ ես իրեն չեմ կարող օգնել և նրան պետք է որպեսզի մասնավոր հիմունքներով փաստաբաններ աշխատեն»,-ասաց նա:

Նրա խոսքով, ուղղակի հոգեբանի կարգավիճակով գնալ, նստել առանձնատեսակցության սենյակում ու լսել պաշտպանյալի դժգոհությունները, նախ ոչ պրոֆեսիոնալ է և երկրորդը՝ տեխնիկապես դրա ժամանակը չկա:

«Ես պատշաճ, ինչքան որ անհրաժեշտություն գտել եմ, գնացել եմ, տեսել եմ, լսել եմ նրան, նույնիսկ ավել անգամ եմ գնացել: Բոլոր այցերս ամրագրված են ՔԿ մուտքի առանձին տեսակցությունների պահանջագրով: Անձի իրավունքն է բարձրաձայնելու ցանկացած եղանակով իր նկատմամբ կատարվող անարդարությունների մասին, սակայն հավաստաիացնում եմ, որ մենք ծայրահեղ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր գործին, սրտացավություն ունենք յուրաքանչյուր գործի վերաբերյալ: Եվ այստեղ հանրային թե մասնավոր է պաշտպանությունը, ես կարծում եմ, տարբերություն չկա»,-ասաց պաշտպանը:

Մարինե Ֆարմանյանը երեկ եղել է ՔԿ-ում, էլի տեղակցել է, որ Մուշեղը դեռ գտնվում է հացադուլի մեջ:

Նա Մուշեղ Մխիթարյանի նամակը գնահատում է  ողջամտության սահմաններում. «Եթե հիմա Մուշեղը շատ վատ հոգեվիճակում  և նրան սպառնացող պատժի հեռանկարը միգուցե նրան դրդում է նմանատիպ քայլեր անելու, բայց ես նույնիսկ այդ նամակից հետո չեմ պատրաստվում իրենից հրաժարվել: Ես դրան շատ նորմալ եմ նայում, դա մարդու իրավունքն է: Քանի դեռ կոչված եմ նրա շահերի պաշտպանության պատշաճ իրականացմանը, կատարելու եմ մինչև վերջ»:

Փաստաբանը Մուշեղ Մխիթարյանի գործով շատ ակնկալիքներ ունի, եթե ամեն ինչ տեղավորվեց իր պատկերացրած մարտավարության շրջանակի մեջ, բայց քանի որ չի բացառում հետագա վատ զարգացումները, վերջնական կարծիք չի կարող հայտնել:

Անդրադառնալով գործով վկայի՝ Աննայի հայտարարություններին, փաստաբանը նկատեց.

«Մարկանց կալանավորում են նույնիսկ հանցագործության կատարման թույլ հիմնավորման կասկածի դեպքում: Այս դեպքում արդեն քննիչն ավելի ապահովագրված է եղել փաստորեն, Աննան, ցուցմունքի ծանր հիմանովրումներով պատմում է դետալ առ դետալ հանցագործության կատարման մասին, նույիսկ օժանդակության տարրեր կան իր կողմից: Այնպես է պատմում, որ հանցանքի վայրում է եղել անմիջապես և շատ-շատ բաներում մեղադրում Մուշեղին ուղիղ տեքստով: Այս պարագայում արդեն քննիչը ապացույց գտնելու անհրաժեշտություն չունի, շատ սիրով վերցրել է այդ վկայի ցուցմունքը ու դրել իր՝ կալանավորման միջնորդություն հարուցելու որոշման մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին