Կարևոր իրադարձություններ

Հանդիպում անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 14:44
Հանդիպում անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար, փոխգնդապետ Սամվել Ասատրյանի հանդիպումը Արցախյան ազատամարտի ժամանակ Վայոց ձորից անհայտ կորած անձանց հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև «ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» փոխնախագահ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչներ բ/ծ մայոր Հայկազ Սրեյանը և բ/ծ կապիտան Նելլի Հովսեփյանը, ինչպես նաև «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը: 
Փոխգնդապետ Սամվել Ասատրյանը ներկայացրեց գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով ՄԱԿ-ի «Հատուկ ընթացակարգեր» ծրագիրը և այդ ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:
Իսկ ՀՀ Զու ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի և ՀՀ Զու ռազմական բժշկության վարչության ներկայացուցիչները կատարեցին անհայտ կորածների հարազատների առողջական վիճակի գնահատում:
Նշվեց, որ անհայտ կորածների հարազատների համար, ովքեր կունենան որակավորված և մասնագիտացված բուժօգնության կարիք, բուժօգնություն կիրականացվի ՀՀ ՊՆ համակարգի կամ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ քաղաքացիական առողջապահական հաստատություններում: 
Նշենք, որ Վայոց ձորից անհայտ կորածների հարազատների սոցիալական խնդիրները գտնվում են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուշադրության ներքո:
Հյուրերը վերջում հանդիպեցին մարզպետ Հարություն Սարգսյանին և քննարկեցին հանդիպման արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին