Կարևոր իրադարձություններ

Միխալկովն ու Ալիեւն արձագանքել են Զորի Բալայանի նամակին

22 Հոկտեմբեր, 2015 12:55
Միխալկովն ու Ալիեւն արձագանքել են Զորի Բալայանի նամակին

Lragir.am-ը գրում է. Հայ պատմաբանները «ապուշություն» են որակում ադրբեջանական այն տեսակետը, թե Արցախում հայերը բնիկներ չեն, այլ բնակեցված ժողովուրդ են եւ Արցախում են հայտնվել ռուսական ցարական իշխանության կազմակերպած ներգաղթի արդյունքում: Տեղեկություն էր տարածվել, որ ռուսաստանցի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը ֆիլմ է նկարահանելու Գրիբոյեդովի մասին, որտեղ էլ շոշափվելու է Արցախը հայերով բնակեցնելու թեման: Միխալկովը արդեն հանդիպել ու ֆիլմի գաղափարը քննարկել է Իլհամ Ալիեւի հետ:

Ոչ մի կասկած չկա, որ Ալիեւը միլիոններ է շռայլելու Միխալկովին, որպեսզի նա Գրիբոյեդովի մասին ֆիլմում առաջ մղի Արցախում հայերի բնակեցման գաղափարը: Կասկած չկա, որ դրանից հետո Ռուսաստանի ադրբեջանական ամբողջ համայնքը օրական երեք անգամ սնվելու է Միխալկովի եւ նրա եղբոր «բիստրոների» ցանցում, որ կոչվում է «Ուտենք տանը» եւ որի ֆինանսավորումն իրականացրել է ՌԴ կառավարությունը: Ադրբեջանցիները կանեն ամեն ինչ Միխալկովին օգնելու համար, որպեսզի նա կարողանա ցույց տալ, թե Արցախը հայերի տունը չէ՝ նրանք «վարձակալներ» են:

Թե ով է Նիկիտա Միխալկովը, երեւի լավ հայտնի է բոլորին: Նա Ռուսաստանի պալատական գլխավոր ռեժիսորն է, ասենք, նա կինոյում այն է, ինչ հեռուստատեսությունում Կիսելյովը:

Թե ինչ խմորումների կենթարկվի Միխալկովի գաղափարը Գրիբոյեդովի ֆիլմի եւ Արցախում հայերի կազմակերպված բնակեցման մասին, դժվար է ասել: Բայց, որ այդ գաղափարը լիովին տեղավորվում է ներկայում Արցախի շուրջ եւ ընդհանրապես Կովկասում տարվող ռուսական քաղաքականության տրամաբանության մեջ, միաժամանակ ռուս-ադրբեջանական հարաբերության տրամաբանության մեջ, ակնհայտ է:

Ռուսաստանը փորձում է հաստատել իր գերիշխանությունն արցախյան գոտում՝ ռազմական որեւէ ներկայության տեսքով: Դրա համար նա պետք է ստանա Ադրբեջանի հավանությունը, որպեսզի հետո պարտադրի Հայաստանին: Այդ գործընթացը քաղաքական ասպարեզում հանդիպում է Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ դիմադրությանը: Կարիք կա այն առաջ մղել գոնե հանրային գիտակցության մակարդակում, ինչում էլ օգնության է գալիս կամ գործի է դրվում Միխալկովը: Նրա ֆիլմը պետք է հանրային գիտակցության մեջ արմատավորի, որ ռուսներն են Արցախը տվել Հայաստանին, հետեւաբար ռուսներն էլ կարող են վերցնել այն:

Այդ մտայնությունը Ալիեւի համար կարեւոր է թերեւս նաեւ իր հասարակությանը համոզելու համար, որ պետք է պայմանավորվել ռուսների հետ Արցախը բաժանելու հարցում: Որպեսզի Ադրբեջանում պարտվողական չհամարվի մեկ-երկու շրջանի դիմաց արցախյան մնացյալ տարածաշրջանը ռուսներին զիջելու համաձայնությունը: Միխալկովի ֆիլմը պետք է ապահովի նաեւ հասարակական լեգիտիմության հիմքեր Ադրբեջանում:

Հայաստանում այդ ամենը «ապուշություն» են որակում: Մինչդեռ այդ ամենը սկսել է հենց Հայաստանից, մասնավորապես Զորի Բալայանի Պուտինին ուղղված հայտնի նամակի հանդեպ հայ պատմաբանների եւ ընդհանրապես հայաստանյան հասարակության, ու նաեւ պաշտոնական Երեւանի լռությունից: Իսկ այդ նամակում Զորի Բալայանը Արցախի խնդիրը հռչակում էր Ռուսաստանի խնդիր եւ Պուտինին հորդորում գալ ու տեր կանգնել Արցախին այս փոթորկվող աշխարհում:

Պուտինն էլ հիմա փորձում է տեր կանգնել, եւ Նիկիտա Միխալկովի ֆիլմը ընդամենը Զորի Բալայանի նամակի շարունակությունն է, ոչինչ ավելի: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին