Մարտի 19-ին Ազգային Ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները հանդիպում են կազմակերպել ապահովագրական ընկերությունների հետ:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Հանդիպմանը մասնակցում էին նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կառավարության այլ գործընկերներ:
Հանդիպման քննարկման առարկան Առողջության համապարփակ ապահովագրությունն էր, որի վերաբերյալ ապահովագրական ընկերությունների խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց ոլորտի ներկայացուցիչների տեսլականն ու մտահոգությունները, պատասխանեց պատգամավորների հարցերին:
Հանդիպումն անցավ բովանդակային քննարկման մթնոլորտում:
Հանդիպման արդյունքում որոշվեց քննարկումները շարունակել՝ ծանոթանալու ծրագրի իրականացման ֆինանսական հաշվարկներին ու թվային ցուցանիշներին»,- գրում է պատգամավորը: