ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այցի շրջանակում պաշտոնյաները հետևել են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջիկայում կայանալիք համերգների փորձերին:
Կարևորելով համերգներում երգչախմբի՝ ըստ պատշաճի պատրաստվածությունը, Հովհաննես Չեքիջյանն ընդգծել է. «Երգող մարդը պետք է տրամադրություն ունենա: Եթե չկարողանանք այդ տրամադրությունը ստեղծել, մեզ մոտ ոչինչ չի ստացվի»: