«Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM), ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ կանխելու Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։
Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:
Գործը քննվելու է Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում:
«Հիմա Ամերիկայի թշնամիների քարոզչությանն ու գրաքննությանը զիջելու ժամանակը չէ։ Մենք կարծում ենք, որ օրենքը մեր կողմն է, և ամբողջ աշխարհում բռնակալների կողմից մեր վախճանը տոնելը վաղաժամ է», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ մեդիա գործակալությունն է։
Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:
Սթիվեն Կապուսը հայտարարեց, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»: