Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանը

22 Հոկտեմբեր, 2015 12:46
ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանը

Lragir.am-ը գրում է. ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակման մասին ԵՏՄ Վեհաժողովի որոշումից հետո Հայաստանում հրապարակային հետաքրքրության հարցերից է դարձել այն, թե ով կլինի ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպանը:

Մամուլում օրինակ տեղեկություն է հրապարակվել, որ նոր դեսպան կլինի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Թե ինչքանով է հավաստի այդ տեղեկությունը, դժվար է ասել: Օրինակ, եթե ընդամենը մի քանի շաբաթ առաջ որեւէ մեկը հայտարարեր, որ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է ԵՏՄ փաստացի վարչապետ, հավանաբար դա կհամարվեր երեւակայության արդյունք: Ըստ այդմ, շատ դժվար է Հայաստանի դեպքում տրամաբանական դատողությունների ենթարկել որեւէ կադրային նշանակման հեռանկար:

Փաստ է, որ Աշոտյանը ներկայում շարունակում է ղեկավարել կրթության ու գիտության նախարարությունը եւ ուղեկցել Սերժ Սարգսյանին ԵԺԿ Վեհաժողովների ընթացքում: Տպավորությունն այնպիսին է, որ Աշոտյանը ՀՀԿ-ի «դեսպանն» է ԵԺԿ-ում: Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ գործառույթը վարչապետության շրջանում իրականացնում էր Տիգրան Սարգսյանը, որ հետո նշանակվեց դեսպան ԱՄՆ-ում:

Միեւնույն ժամանակ, կարող է լինել մեկ այլ տրամաբանություն: Տիգրան Սարգսյանը դիտվում էր Հայաստանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյա, որը դեմ է եվրասիական կուրսին: Տիգրան Սարգսյանի դեմ համախմբվեց Հայաստանի եվրասիական ոչիշխանական բեւեռը, որը փաստացի լուծում էր Սերժ Սարգսյանին եվրասոցացման կուրսից դեպի եվրասիական շեղումը արագացնելու, անշրջելի դարձնելու եւ հանրային այսպես ասած լեգիտիմություն ապահովելու խնդիրը: Եվ այդ տրամաբանության շրջանակում, խնդիրը լուծելուց հետո, այդ բեւեռը հասավ նրան, որ Տիգրան Սարգսյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից ու «աքսորվեց» ԱՄՆ:

Եվ ահա այժմ Տիգրան Սարգսյանը վերադառնում է, եւ վերադառնում է ԵՏՄ, այսինքն մի տեղ, որտեղ «խորթ» էր ընկալվում: Հիմա պարզվում է, որ այդքան էլ խորթ չէ եւ նույնիսկ՝ հարազատ: Եվ եթե Եվրասիական ոչիշխանության թիրախ հանդիսացած, եվրաինտեգրացիայի իշխանական պատվար թվացող Տիգրան Սարգսյանը վերադառնում է ԵՏՄ փաստացի վարչապետի կարգավիճակով, ապա ԱՄՆ դեսպանի պաշտոնին պետք է գնա երեւի թե նրան հեռացրած ոչիշխանական բեւեռի առաջնորդը: Իհարկե, նա արդեն դուրս է եկել քաղաքականությունից, բայց գուցե դիվանագիտությունը մի փոքր այլ բան է, միեւնույն ժամանակ ամեն ինչ հարաբերական է: Ի վերջո, քաղաքականությունից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանը Ծառուկյանի որոշմանը վերապահեց քաղաքական եւ նաեւ դիվանագիտական կարեւորագույն նշանակություն ունեցող մի հարց՝ Հայաստանի մասնակցությունը Բաքվի Եվրոպական օլիմպիադային: Քեզ պատերազմ հայտարարող երկրում անցկացվող օլիմպիադային մասնակցելը չի կարող լինել զուտ մարզական որոշում, եւ այդ ոչզուտմարզական որոշումը վերապահվել էր Գագիկ Ծառուկյանին:

Այնպես որ, նրան կարելի է նաեւ հանգիստ նշանակել ԱՄՆ դեսպան, Տիգրան Սարգսյանի փոխարեն, այսպես ասած փոխատեղման սկզբունքով: Կամ էլ ոչիշխանական բեւեռի ոչպաշտոնական առաջնորդ Հովիկ Աբրահամյանին, ում այդ բեւեռը Սարգսյանի փոխարեն բերեց վարչապետի աթոռին:

Եթե լուրջ, ապա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին նոր նշանակումը բնականաբար կախված պետք է լինի նրանից, թե այդ պաշտոնյայից ինչ է ակնկալում պաշտոնական Երեւանը, այսինքն որն է լինելու դեսպանի առաջ դրվելիք խնդիրը:

Միեւնույն ժամանակ, պետք է իհարկե հաշվի առնել, թե Հայաստանի հետ հարաբերության ինչ առաջնահերթություն է դիտարկում ԱՄՆ:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին