Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվել է ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության հարցը

17 Մարտ, 2025 17:40
ԱԺ-ում քննարկվել է ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը եւ ԱԺ պատգամավորներ: Հայտնում են ԱԺ-ից:

Նախաձեռնության հեղինակներ Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի ու Սերգեյ Բագրատյանի խոսքով փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ նվագարկիչներից, ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնում շչակների ձայնը լսելը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելն ու երթեւեկելը:

Փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունենան ավելի խիստ օրենսդրական արձագանք:

Քննարկման մասնակիցների մտքերի փոխանակության արդյունքում ձեռք է բերվել նախագիծը վերջնական տեսքի բերելու եւ ապագայում ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու պայմանավորվածություն:

 

Լրահոս

Դիտել ավելին