ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, թե ոչ, և նույնը՝ այդ երկրի սահմանադրության դեպքում:
«Վերջ ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու: Մենք ասում ենք, որ մեր ներպետական ինստիտուտներն անցնելուց հետո նմանատիպ հարց այլևս չի առաջանալու:
Վերջ ի վերջո, կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյո՞ք այդ պնդումներն իրականության հետ աղերս ունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ էլ հնարավոր է որևէ պատրվակ գտնել:
Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով է սահմանադրությունն ուղարկվելու փորձաքննության, նա օրինակ է բերել. «Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով երկու երկրների սահմանադրությունները, և թող Վենետիկի հանձնաժողովն ասի՝ նման բան կա, թե ոչ»: Մինչ այդ նա հիշեցրել է հայկական կողմի փաստարկները, որոնք վկայում են, որ ՀՀ սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա: