Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։
Իր բացման խոսքում տիկին Աննա Հակոբյանը նշել է, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգևորում է, և աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր բանախոսությունը՝ «Իմանալ՝ ինչպես» թեմայով։ Ելույթի ընթացքում ընդգծվել են տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Անդրադառնալով փորձի և գիտելիքի կիրառելիությանը՝ վարչապետը կարևորեց հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և շարունակական ինքնազարգացման դերը։
Բանախոսությանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղել հարցեր անմիջապես վարչապետին և ստանալ սպառիչ պատասխաններ: Հնչել է 10 հարց, որոնց շուրջ ծավալվել է բուռն քննարկում։
Այսպիսով, «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks) ոգեշնչված, այսօր Հայաստանում ծնվել է նոր ձևաչափով կրթական, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է հնարավորություն տալ հասարակության լայն շերտերին ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ:
«Կրթվելը նորաձև է» շարժումը բաց է բոլորի համար՝ անկախ տարիքային, մասնագիտական, քաղաքական, սոցիալական կամ այլ պատկանելիությունից, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել հանդիպումներին, կարող է լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/Arh4iajEcwWToUa39 :