Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վնաս են հասցնում ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլև ապակայունացնում են համաշխարհային շուկաները։ Այս հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական Telegram ալիքում։
«ԱՄՆ-ի ապագա նախագահը, չունենալով իրավասություն վերացնելու այս պատժամիջոցները Կոնգրեսի հավանության բացակայության դեպքում, ստիպված է լինելու աշխատել իսկական մոխրացած հողի վրա, բառիս թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», — նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ նոր սահմանափակումները, որոնք ներդրվել են Ջո Բայդենի վարչակազմի ավարտին, փորձ են վնասելու ռուսական տնտեսությանը, նույնիսկ եթե դա սպառնում է եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի քաղաքացիների շահերին։
«Այս միջոցներով զոհաբերվում են եվրոպացիների շահերը, որոնք ստիպված են գնումներ կատարել ավելի թանկ և անկայուն ամերիկյան մատակարարումների միջոցով, ինչպես նաև ազդում են ԱՄՆ-ի բնակիչների վրա։ Վաշինգտոնի թշնամական գործողությունները անպատասխան չեն մնա և հաշվի կառնվեն մեր արտաքին տնտեսական ռազմավարությունը մշակելիս»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտարարել է, որ, չնայած արևմտյան երկրներում ռուսաֆոբ լոբբիի ջանքերին և ԱՄՆ-ի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմին, Ռուսաստանը մնում է վառելիքի համաշխարհային շուկայում առանցքային և հուսալի մասնակից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ավելի քան 200 ընկերություններ, անհատներ և 180 նավ, որոնք կապված են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ։