Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, ՔԿԾ պետի տեղակալների, հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Անահիտ Մանասյանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը։
Շրջայցի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները: Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ։
Պաշտպան Անահիտ Մանասյանը ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի հետ քննարկել է ազատությունից զրկված անձանց ինքնասպանության դեպքերի և ինքնավնասումների կանխարգելմանը, արգելված իրերի հասանելիությանը, ինչպես նաև հացադուլի պատշաճ վարմանն առնչվող հարցեր:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: