Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա փոխգործակցությունը

10 Հունվար, 2025 19:42
ՊԵԿ նախագահը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա փոխգործակցությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։

Հանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում առկա փոխգործակցությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի՝ «Հարկը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման աշխատանքներում հնդիկ փորձագետի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությանը։  

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացի բարելավմանն, ինչպես նաև Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր։

Կարևորելով երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին ընդգծել է կոմիտեի Թվային հետախուզության լաբորատորիայի կարողությունների զարգացման գործում օժանդակության տրամադրման պատրաստակամությունը։ 

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր։

 

Լրահոս

Դիտել ավելին