Ադրբեջանն առաջիկա օրերին նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ արձագանքելով Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության նոր կարգավորումների մասին հարցերին։
Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը, ինչպես արտաքին քաղաքականության մյուս հարցերում, նաև միգրացիայի և ժամանակավոր կացության հարցերում առաջնորդվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներով։
Հաջիզադեն նշել է, որ ռուսական կողմի կողմից կիրառվող նոր կանոնները հիմնականում վերաբերում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքներին։ Նա նաև ավելացրել է, որ նույն սկզբունքով ադրբեջանական կողմը պատրաստվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՌԴ քաղաքացիների համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը կսահմանափակվի 90 օրով՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիները պարտավորվելու են սահմանը հատելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվել իրենց գտնվելու վայրում։
Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի տարածքում ռուսաստանցիների ժամանակավոր կացության նոր կանոնները կհրապարակվեն առաջիկա օրերին։