Կարևոր իրադարձություններ

Կազմակերպվել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց (լուսանկարներ)

09 Դեկտեմբեր, 2024 15:47
Կազմակերպվել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար: 

Վերապատրաստման դասընթացին գլխավոր զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, իսկ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը հանդես է եկել ողջույնի խոսքով։ 

Կարևոր խնդիր փաստարկված տեղեկատվություն բարեփոխումների մասին

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ծրագիրն իրագործելու աջակցության համար: «Ինչպես հայտնի է, կրթության ոլորտում շահառուների թիվը շատ մեծ է, և շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում իրականացվող փոփոխությունների ու բարեփոխումների վերաբերյալ մեր հանրությունը պատշաճ իրազեկված լինի: Այս քննարկումների նպատակն է նախևառաջ ԶԼՄ ներկայացուցիչներին փոխանցել ամբողջական պատկերացում և հավաստի տեղեկատվություն իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, որպեսզի հանրային հաղորդակցությունն առնվազն փաստերի ու տվյալների տեսանկյունից լինի ստուգված, ճշգրիտ և արտահայտի իրականությունը», - ասել է նախարարը՝ կարևորելով ոչ միայն բանախոսությունների բովանդակությունը, այլև հարցուպատասխանի ձևաչափը, որը հնարավորություն կտա լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեցող հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալ: 

«Ժողովրդավար հասարակությունների ամենակարևոր բաղադրիչը ստուգված տեղեկատվության փոխանցումը և պատշաճ իրազեկվածությունն է: Եվ բոլորովին պատահական չէ, որ մեդիագրագիտությունը կրթական բարեփոխումների առանցքում է: Անչափ կարևոր է, որ ոչ միայն խոսենք դրա մասին, այլև մեր ամենօրյա գործունեության մեջ հանրային հաղորդակցության գործընթացը դարձնենք ավելի համադրելի մեր պատկերացրած չափանիշներին»,- խոսքը եզրափակել է նախարարը և մաղթել արդյունավետ քննարկումներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է բարեփոխումներին

Ներկաներին ողջունել և հանդիպման ձևաչափը կարևորել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«2024 թվականը կարևոր հանգրվան է, քանի որ մենք մոտենում ենք Կրթության զարգացման պետական ծրագրի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջնակետին: Հետևաբար, առանցքային պահ է կրթության ոլորտում բարեփոխումների առաջընթացն ու մարտահրավերները քննարկելը: 30 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նախարարությանը ներառական ուսուցման և վաղ մանկական ուսումնառության ծառայությունների ընդլայնման, կրթությանը վերաբերող տվյալների հավաքագրման, ինչպես նաև նոր ռազմավարությունների և ծրագրերի ձևակերպման ու ներդրման գործում,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ավելացրել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավատարիմ է մնում ներառական որակյալ կրթության ամրապնդմանը բոլոր մակարդակներում՝ վաղ մանկությունից մինչև միջնակարգ կրթություն և ֆորմալից մինչև ոչ ֆորմալ ուսուցում»:

Չափորոշչի դրական ազդեցությունը կրթության արդյունքի վրա

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է զեկույց՝ «Կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները» թեմայով:

Որպես առաջնահերթ ուղղություն՝ նա առանձնացրել է ֆունկցիոնալ անգրագիտության կամ որ նույնն է՝ թերուսուցման ցուցանիշը, որը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հասել է մինչև յոթանասուն տոկոսի: «Կրթության հասանելիությունը պետք է դարձնենք առաջին հերթին որակյալ կրթության մասին խոսակցություն»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ կրթությունը գործընթաց է երեխաների մասին։ 

Նա անդարադարձել է Համաշխարհային բանկի կողմից իրականացված հետազոտությանը, որը վերաբերում է համավարակի ազդեցությանը կրթության ոլորտի վրա: «Միջինում աշխարհում երեխաները դպրոց գնալու հնարավորություն չեն ունեցել 141 օր, ինչը թերուսուցման հիմնական պատճառներից է: Այդ շրջանում Հայաստանի դպրոցները փակ են եղել շուրջ 45 օր: Եվ ի պատիվ կրթական համակարգում աշխատող մասնագետների՝ այդ օրերին ի հայտ եկած խնդիրները հաղթահարվել են նվազագույն խոչընդոտներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: 

Ըստ նրա՝ համավարակի շրջանում աշխարհում կրթության ոլորտի բյուջեները միջինում կրճատվել են 13 տոկոսով՝ պայմանավորված այլ խնդիրների հրատապ լուծմամբ: Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ չնայած մարտահրավերներին, կրթության բյուջեն ոչ միայն չի նվազել, այլև տարեցտարի աճել է: ԿԳՄՍ նախարարության բյուջեն 2023 թվականի համեմատ 2024 թվականին 38 տոկոս աճ է գրանցել:

«Նոր չափորոշչի ներդրումը հնարավորություն է տվել էապես կրճատելու համավարակի ազդեցությամբ պայմանավորված թերուսուցման մարտահրավերը: Կրթության որակը չափելու համար կա մի կարևոր ցուցանիշ դա ուսումնառության տարիների համադրում է կրթական արդյունքի հետ: Այսինքն, եթե երեխաները 12 տարի դպրոց են հաճախում, ապա պետք է դիտարկել, թե քանի տարվա կրթական արդյունք են ունենում: Բնականաբար, ինչքան մեծ է տարբերությունը, այնքան ավելի լուրջ խնդիրներ ունենք՝ կապված կրթության որակի հետ: 2015 թ. տվյալներով Հայաստանի կրթական համակարգում 3,3 տարվա տարբերություն էր գրանցվել. մեր երեխաները 11.3 տարի, ըստ ուսումնասիրությունների, գնում են դպրոց, սակայն կրթական արդյունքը, որը տալիս ենք, համարժեք է 8 տարվա: Նոր չափորոշչի ներդրմամբ այս ցուցանիշի բարելավման խնդիր դրեցինք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀԲ արտաքին հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումից հետո։

«Հետազոտությունն արվել է միջազգայնորեն ստուգված մեթոդաբանությամբ երկու տարի շարունակ: Տավուշի մարզի դպրոցներում սովորողների կրթական արդյունքը համադրվել է Լոռու և Շիրակի մարզերի դպրոցների հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ Տավուշի մարզում փորձարկման արդյունքում կարողացել ենք նշյալ 3,3 տարվա ցուցանիշը երկու տարում կրճատել 6 ամսով: Իսկ դա նշանակում է, որ այդքանով ավելացել են կրթության որակն ու մեր երեխաների՝ արդյունավետ սովորելու հնարավորությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ գնահատականները ձևավորված են միջազգային փորձագետների կողմից:

Նա նշել է, որ թեև արդյունքները գոհացուցիչ են, սակայն բարելավման ուղղությամբ պահանջվում է շարունակական աշխատանք: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կրթության որակի փոփոխության արդյունքները հավաստվում են նաև այլ աղբյուրներով: Նա, մասնավորապես, շեշտադրել է Կրթության տեսչական մարմնի կողմից արված գնահատումները. «Կրթության տեսչական մարմինն ավելի քան 800 երեխաների շրջանում անցկացրել է ֆունկցիոնալ անգրագիտության վերաբերյալ հետազոտություն, որի արդյունքներով ևս բացասական ցուցանիշները նվազում են: Ըստ Կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության՝ դիտարկվել են երեխաների գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները։ Ընտրված միջին բարդության տեքստերի 2022 և 2023 թվականների արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով. եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում՝ երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք, այսինքն՝ ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։

Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին նվազել է շուրջ 20 տոկոսով։ Ընդ որում՝ ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են եղել, որոնցում 2023 թվականին չորրորդ դասարանցիների ուսուցումն արդեն իսկ նոր չափորոշիչներով է կազմակերպվել, և ցուցանիշները մյուս դպրոցների համեմատ ավելի դրական են։Սա ցույց է տալիս, որ նախաձեռնված փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում, ուստի պետք է առավել հետևողական լինենք մեր աշխատանքներում»:

Որպես կրթության որակի բարելավման դրական ցուցանիշի՝ նախարարն անդրադարձել է ԲՏՃՄ առարկաների ուսուցման արդյունավետությունը գնահատող մի քանի միջազգային հետազոտությունների, որոնցում ևս Հայաստանը դրական ցուցանիշներ է արձանագրել, մասնավորապես՝ մաթեմատիկայի ուսուցման ուղղությամբ։ 

Տնօրենների համար սահմանված չափանիշների մասին

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև տնօրենների ընտրության, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացներին. «Հաճախ եմ հանդիպում մի տեսակետի, ըստ որի՝ տնօրենների ընտրության գործընթացում նախարարությունը սահմանել է ավելի բարձր նշաձող, քան համակարգը պատրաստ է ցուցաբերել: Տնօրենի պաշտոնին հավակնողներից շատ քչերին է հաջողվում հաղթահարել զարգացման ծրագրի փորձաքննության և դրան հաջորդող հարցազրույցի փուլերը: Այս համատեքստում ո՞րն է մեր անելիքը. արդյոք պետք է վերանայե՞նք սահմանված չափանիշները, թե՞ ընդունենք իրավիճակը և ձևավորենք կադրային այնպիսի ներուժ, որը կկարողանա հաջողությամբ իրագործել կրթության որակի բարելավման խնդիրը: Մենք երկրորդ տարբերակի կողմնակիցն ենք, որովհետև կրթությունը նախ և առաջ մեր երեխաների մասին է, և այս գաղափարը պետք է մեր գործողությունների առանցքում լինի: Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք»: 

Նախարարի զեկույցին հաջորդել է հարցուպատասխանը, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ուղղել են իրենց հուզող հարցերը կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են կամավոր ատեստավորման արդյունքում դասի վարման արդյունավետության չափելիությանը, թեստերի կազմման որակական չափանիշներին, դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համալրման ծրագրերին, նոր դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչի արդյունավետությանը և այլն: 

Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտի բարեփոխումները նոր չափորոշչի ներդրման համատեքստում, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը, խնդիրները, առկա վիճակը, ակնկալվող արդյունքները:

Դասընթացին որպես բանախոսներ զեկույցներ են ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարության ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները, ԿՏԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի պատասխանատուները, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը։ Վերապատրաստմանը մասնակցել են շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

 

Լրահոս

Դիտել ավելին