Կարևոր իրադարձություններ

Մատենադարանում մեկնարկել է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը

05 Դեկտեմբեր, 2024 18:17
Մատենադարանում մեկնարկել է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն դեկտեմբերի 5-8-ն իրականացնում է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը: 

Մատենադարանում տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Համաժողովին մասնակցում են կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման ու տարածման, կինոժառանգության ոլորտը համակարգող կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՊՀ անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Արգենտինայից, ԵՄ անդամ երկրներից և այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ համաժողովն անցկացվում է կարևոր մի փուլում, երբ մշակույթի ոլորտում, մասնավորապես՝ կինոյի ասպարեզում իրականացվում են բարեփոխումներ:  

«Բարեփոխումների համատեքստում ուզում եմ ընդգծել, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լավարկման նպատակով մասնագետների հետ համատեղ քննարկումներ են նախատեսվում, և համատեղ առաջարկությունների արդյունքում կկատարվեն լրացումներ: Կարևոր փոփոխություններից է ֆիլմարտադրության ոլորտում միջոցների մասնակի վերադարձի (cash rebate) սահմանաչափի կարգը, որն առաջիկայում կգործարկվի: Նախարարության քաղաքականության առանցքում կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների խթանման դիտարկումը, ֆիլմերի միջազգայնացման և ֆոնդհայթայթման մեխանիզմների քննարկումը:

Հորդորում ենք կինեմատոգրաֆիայի ոլորտի բոլոր մասնագետներին նմանօրինակ քննարկումներին գործուն մասնակցություն ցուցաբերել՝ ոլորտում ապահովելով մրցակցություն ու թափանցիկություն: Կարևորում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որը նպաստավոր է ոչ միայն ֆիլմարտադրության, այլև մշակույթի ոլորտի զարգացման համար»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև խնդիրների լուծման ուղղությամբ իրավական կարգավորումները և միջազգային փորձի ուսումնասիրությունը, քննարկումներն ու վերլուծությունը: Դանիել  Դանիելյանը համաժողովի մասնակցիներին մաղթել է արդյունավետ ու հետաքրքիր  աշխատանք:

Համաժողովի ընթացքում կներկայացվի արտերկրում գործող հայկական կինոարտադրանքի հանրահռչակմանը նպաստող կինոփառատոների մասին համապարփակ տեղեկատվություն: Հայաստանում անցկացվող միջազգային կինոփառատոների, համատեղ կինոարտադրության, կինոժառանգության պահպանման, աուդիովիզուալ ոլորտում արհեստական բանականության, ֆիլմերի միջազգային դիստրիբուցիայի և տարածման թեմաներով ելույթներ կունենան մասնակից երկրների փորձագետները, որից հետո կանցկացվի երկխոսություն՝ փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների միջև:

Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 7-11-ը կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի աշխատարան, որը կանցկացնի ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին՝ նախապես մրցութային կարգով ընտրված կինոնախագծերից: Հնարավորություն կընձեռվի համաժողովին մասնակից միջազգային կինոփառատոների, դիստրիբյուտորական և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացնել ֆիլմերի ստեղծագործական և արտադրական մանրամասները:

Նախաձեռնությունն իրականացվում է ընթացիկ փուլում գտնվող ֆիլմերի առաջխաղացմանը նպաստելու նպատակով. ներկայացված 33  կինոնախագծերից ընտրված 6 նախագծերը ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան դրամական խրախուսում:

Գիտաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կինոմոսկվայի կարմիր դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը, իսկ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը:

Մուտքն ազատ է:

 

Լրահոս

Դիտել ավելին