Կարևոր իրադարձություններ

«Փաստ». «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ նայի». Լևոնը սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր

05 Դեկտեմբեր, 2024 09:46
«Փաստ». «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ նայի». Լևոնը սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր: Տան միակ տղան էր: Մենք ու ամուսնուս երկու եղբայրներից յուրաքանչյուրն ունենք երեք աղջիկ, մեր ընտանիքում ծնվեց Լևոնը: Ինը քույրերի միակ եղբայրն է Լևոնը, բոլորիս ուրախությունն էր, որ տղա ծնվեց, որին անվանակոչեցինք իր պապիկի անունով: Շատ լավ ենք իրեն պահել, դժվարություններով հանդերձ, փորձել ենք ամեն ինչ անել իր համար, բոլորի ուշադրության կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանը՝ Լևոնի մայրիկը:

Նշում է՝ որդին շատ համեստ էր, զուսպ, բոլորին օգնության հասնող: «Կարող էր իրեն նեղություն պատճառել, միայն թե օգնի ինչ-որ մեկին: Երբեք չի մերժել որևէ մեկին, չի ասել՝ չեմ կարող այսինչ բանն անել: Շատ լավ երեխա էր, «պոկեցին ու տարան» իմ երեխուն»: Լևոնը ծնունդով Արագածոտնի մարզի Կոշ համայնքից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է պարի, դհոլի դասերի, բայց, մայրիկի խոսքով, որդու համար յուրահատուկ տեղում էր ֆուտբոլը: «Դպրոցում սիրելի առարկան մաթեմատիկան էր, ուսուցչուհին իր դասղեկն էր, նրան շատ էր սիրում ու կարծես այդ առարկայի հանդեպ վերաբերմունքն էլ ուրիշ լիներ»: Դպրոցն ավարտելուց հետո Լևոնը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

«Ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ, բուհ ընդունվել, իր ավագ քույրիկները սովորել են Մանկավարժական համալսարանում: Բայց քանի որ շատ շուտ զորակոչվեց ծառայության, չհասցրեց քննությունների մասնակցել: Ուզում էր կրթությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շարունակել, ֆուտբոլն իր նախընտրելի ուղղությունն էր»: Լևոնը ծառայության է զորակոչվում 2021 թ. հուլիսի 23-ին: Ծառայել է Գորիսում, այնուհետև տեղափոխվել է «Զանգեր» զորամաս: Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչ զգացումներով է որդուն բանակ ճանապարհել, արձագանքում է. «Սիրտս լիքն էր, իրեն ճանապարհ եմ դրել, բայց վայ այն ճանապարհ դնելը: Կարծես կանխազգացում ունենայի: Նույնն էլ 2022 թ.-ին, հատկապես օգոստոսին ահավոր զգացողություն ունեի, որ ինչ-որ վատ բան է լինելու, բայց մտքովս ինչ անցներ, որ իմ Լևոնի հետ ինչ-որ բան կլինի: Աստվածաշնչից իմ խոսքը եղել է՝ քո կողմից 100 հոգի կընկնեն, մյուս կողմից՝ 1000, բայց քեզ ոչ մի բան չի լինի: Առաջնորդվելով այդ խոսքով՝ հավատացել եմ, որ իմ զավակներին ոչինչ չի լինի:

Շատ դժվարություններով ենք մեծացրել մեր երեխաներին, և հավատացել եմ, որ Աստված արդարություն սիրող Աստված է: Լևոնն էլ էր շատ լավ տրամադրված ծառայությանը, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, լավ կլինի: Տեսանյութեր ունենք իրեն բանակ ճանապարհելու օրվանից, այնքան սիրով է մեկնել ծառայության. «Մա՛մ ջան, երկու տարի է, կծառայեմ ու կգամ, ոչ մի խնդիր չի լինի»»: Լևոնը երբեք չի դժգոհել ծառայությունից, եղել է կարգապահ զինվոր։ «Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր: Գյուղում է ծնվել, անընդհատ ազատության մեջ է եղել, անգամ շենքի բնակարանում չէր կարողանում երկար ժամանակ մնալ: Նույնն էլ ծառայության ժամանակ էր, չէր սիրում զորամասում մնալ, իրեն ավելի լավ էր զգում դիրքերում: Շատ գոհ էր իր հրամանատարից, համածառայակից ընկերների հետ երբեք խնդիրներ չի ունեցել»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին, այն էլ՝ մի քանի ուղղությամբ, պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին ժամը ութն անց քսան զանգեց:

Բոլորիս հետ առանձին-առանձին խոսեց, իսկ ինձ ասաց. «Մա՛մ ջան, մեռնեմ ջանիդ, ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ նայի»: Այդ ժամանակ ուռուցքաբանական հիվանդանոցում բուժումներ էի ստանում, երկու վիրահատություն էին կատարել, քիմիայի կուրս էի անցնում, ամենաբարդ փուլում էի, նաև այդ ցավն ավելացավ: Սեպտեմբերի 13-ի առավոտյան աշխատանքի գնալիս ամուսինս զանգեց. «Շուշա՛ն, հեռուստացույցը միացրու, ոնց որ մեր երեխեքի կողմը «խփել» են, տես, թե ինչ է կատարվում»: Լուրերը միացրեցի, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ իմ Լևոնին ինչ-որ բան կպատահի»: Սեպտեմբերի 12-ին տագնապ հրամանով տղաները բարձրացել են Իշխանասարի դիրքեր: Սկսվել է թշնամու հարձակումը: Թեժ մարտերից հետո տղաները ստացել են նահանջ հրաման, սակայն Լևոնը մի քանի ընկերների և հրամանատարի հետ մնացել է դիրքում և ապահովել նահանջող զինվորների թիկունքը: Փրկելով ընկերների կյանքը՝ Լևոնն անմահանում է սեպտեմբերի 13-ին արկի պայթյունից Իշխանասարի դիրքերում: «Սեպտեմբերի 30-ին «փակ» վիճակում մեզ տվել են Լևոնի մարմինը: Նա անճանաչելի է եղել, ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության միջոցով: Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Ես իմ որդուն չեմ տեսել, ջերմությունը չեմ զգացել, հասկանո՞ւմ եք, թե դա ինչ սարսափելի բան է: Իր ոտքի վրա՝ թաթի հատվածում սպի ուներ:

Բայց իր ոտքը չի եղել: Իսկ ես ամուսնուս խնդրում էի, որ նայի՝ ոտքի վրա այդ սպին կա՞, թե՞ ոչ, որ դրանով ճանաչի իմ Լևոնին»: 17 օրվա ընթացքում ընտանիքին ասել են, թե իրենց որդին կորած է: «Բայց կարծում եմ, որ դա ավելի շատ արվում էր ինձ հանգստացնելու համար: Իմ ընտանիքը, հարազատները գիտեին, թե ինչ է եղել»: Լևոնը երեք քրոջ միակ եղբայրն է: Հենց նրանք էլ ուժ են տալիս տիկին Շուշանին: «Ինձ համար շատ դժվար է, տանից դուրս չեմ գալիս, կյանքս անցնում է տանը: Ինձ ուժ են տալիս իմ աղջիկները: Իրենք էլ են շատ ընկճված, իսկ իմ ընկճվածությունն էլ ավելի է ազդում իմ ընտանիքի վրա: Հենց դա է ստիպում ուժեղ լինել, ամուր մնալ ոտքերի վրա»:

Հ. Գ. - Լևոն Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կոշ գյուղի գերեզմանատանը»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին