Թբիլիսիի Գորգասլիի փողոցում գտնվող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակից ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ կմիանան խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին, գրում է aliq.ge-ն:
Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը: Ցույցի մասնակիցներն ասում են՝ իրենք մինչև վերջ պայքարելու են Վրաստանի եվրոպական ապագայի համար։
Բողոքի երթում հնչում են վանկարկումներ՝ «դո՛ւրս եկեք»` կոչ անելով քաղաքացիներին միանալ բողոքի ակցիային։ Մինչ այդ հանրահավաքի մասնակիցներն ի նշան բողոքի փակել էին Գորգասլիի փողոցը։
Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ևս բողոքի ցույց է, ցուցարարները հարվածում են խորհրդարանը շրջափակած երկաթե պատնեշին: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված ցույցի մասնակիցներն այսկերպ իրենց բողոքն են արտահայտում: Ռուսթավելիի պողոտան փակ է: