Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով:
Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։
Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառների կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՄԱԿ ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) կողմից։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում նաև Հայաստանի կառավարությունը։
«Ուրախ եմ, որ գործակցում ենք ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և իր միջազգային կամ տեղական գործընկերների հետ։ Շնորհակալ ենք անտառների կայուն կառավարման ծրագիրը համաֆինանսավորողներին և Հայաստանի կառավարությանը։ Այսպիսով, սաներն ավելի կոգեշնչվեն, և իրենց համար սա նոր խթան կլինի, որ դերակատարություն ունենան անտառների պահպանման և կանաչ միջավայրի պահպանման մեջ՝ հասնելով դեպի կայուն և կանաչ Հայաստան»,- նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Դասընթացների հիմնական թեմաներն էին տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները՝ անտառների կայուն կառավարման համար։
«Ծրագիրն իրենից ներկայացնում է 8 տարվա տևողությամբ ծրագիր, որի արդյունքում 7200 հա-ի վրա պետք է իրականացվեն անտառվերականգման-անտառտնկման աշխատանքներ։ Ինչպես նաև տրամադրելու ենք 9000 վառարան անտառամերձ բնակավայրերում բնակվող բնակիչների համար, որոնք կնպաստեն էներգաարդյունավետ եղանակով անտառի օգտագործմանը։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորվելու և իրականացվելու է անտառային մոնիտորինգ, որի արդյունքում կստանանք օբյեկտիվ տեղեկություն անտառների վիճակի մասին ողջ Հայաստանում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 18,7 մլն դոլար է, այս պահին բյուջեն ավելանալու հնարավորություն ունի այլ դոնորների կողմից համաֆինանսավորման դեպքում։»,- պատմել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։
Հետաքրքրությունը դեպի «Հորիզոններ» տարեցտարի ավելանում է և, եթե նախորդ տարի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցից «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման առարկայական ծրագրին մասնակցում էր 200-ից քիչ ավելի սովորող, ապա 2024-25 ուս տարում Ագրոտեխնոլոգիան դասավանդվում է 15 դպրոցում, դասերին հաճախում է շուրջ 370 սովորող։
«Սովորողները դպրոցներում արդեն ուսումնասիրել են տեսական թեմաները։ Դրանք հետևյալն են՝ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ և կենդանական աշխարհ», «Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն», «Կանաչ էներգիայի աղբյուրներ», «Էներգառեսուրսներ» և «Շրջակա միջավայրի պահպանություն»։ Դասընթացի առաջին հատվածից հետո բոլորը գնալու են «Գորիսի անտառտնտեսություն» ՊՈԱԿ, այնտեղ կազմակերպվելու է ծառատունկ»,- ասել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը։
Այս գործակցությունը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդությանն էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ շրջակա միջավայրի և անտառների պահպանության գործում: Տեսական կրթության և գործնական աշխատանքի համադրումը թույլ է տալիս երիտասարդ սերնդին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ապագայում ավելի կայուն և ավելի կանաչ Հայաստան կերտելու համար: