Կարևոր իրադարձություններ

Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա

19 Նոյեմբեր, 2024 20:26
Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Ես իսկապես գնահատում եմ այս հնարավորությունը՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական կապերը։ Մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց մենք ընդհանուր նպատակ ունենք՝ նպաստել մեր երկրների բարգավաճմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Բրազիլիայի միջև ներդրումային կապերի ամրապնդումը, և այս համատեքստում առաջարկվել է կնքել «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագիր, ինչը կհեշտացնի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա և հակառակը։

Քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում բրազիլական ընկերությունների գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին