Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուիշնորհանդեսը:
Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների (այսուհետ՝ Կարծիք) հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները:
Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից։
Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ, Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության օրենսդրական բաժնի պետ, վարչության փոխտնօրեն Յանա Զեզուլովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Եղիազար Ավագյանը, Արթուր Պողոսյանը, Լիլիթ Գրիգորյանն ու Գրիգոր Էլիզբարյանը, ինչպես նաև Դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի աշխատանքը, որը ներառում է նաև դատախազական գործունեության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ կարծիքների մշակումն ու ընդունումը: Աննա Վարդապետյանի խոսքով՝ դատախազների համար Կարծիքների հասանելիությունը հնարավորություն է տալիս նրանց ներպետական իրավական համակարգերում աշխատել ԵԽ չափորոշիչներին համապատասխան:
«ՀՀ դատախազության առաջնահերթություններից է ապահովել առավել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ և ավելի մոտեցնել դատախազի մասնագիտական հմտություններն ու կերպարը միջազգային և Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Դրան հասնելու համար նվազագույն պահանջը տեղեկատվության հասանելիությունն է, դրա անմիջական և ակտիվ կիրառությունը: Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս ուղղությամբ իրականցվող առաջին քայլերից են: Ես լիահույս եմ, որ այս ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների սեղանի գիրքը»,- նշել է Աննա Վարդապետյանն ու երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց արդյունավետ համագործակցության համար:
Հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: «Դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում»,- նշել է Աննա Վարդապետյանը։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է միջոցառման մասնակիցներին, հաստատել է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և նշել․ «Ցանկանում եմ հավաստիացնել, որ Եվրոպայի խորհուրդը լիովին հանձնառու է աջակցել Հայաստանի ջանքերին՝ արդարադատության համակարգի բարեփոխման և դատախազական ստանդարտների բարձրացման հարցում: Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ուղղված մեր գործընկերության ամրապնդմանը: Մենք հպարտ ենք արդեն իսկ արձանագրված առաջընթացով: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քայլել ձեր կողքին այս ճանապարհին»։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսն ընդգծել է Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու Հայաստանին՝ դատախազական համակարգը հզորացնելու գործում։ «Կարևոր է օգտագործել հավաքված փորձը և գիտելիքը՝ բարձրացնելու կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում դատախազների դերի եվրոպական ստանդարտների մասին իրազեկումը։ Մեր նպատակն է հայաստանյան գործընկերների հետ համատեղ հասնել անկախ դատախազական համակարգի, որն առավելագույնս համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշել է Ֆրանկ Հեսսը:
ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր ելույթում նշել է, որ ուրախությամբ են արձագանքել ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությանը՝ Կարծիքների հայերեն թարգմանությունն ապահովելու վերաբերյալ, որոնք հասանելի կլինեն ՀՀ-ում գործող դատախազներին և ապագա իրավաբաններին:
Միջոցառման թեմատիկ նիստի ընթացքում ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի թիվ 14 կարծիքը, որը վերաբերում է կոռուպցիայի և հարակից տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին, անդրադարձ է կատարվել կոռուպցիոն բնույթի հանցանքների բացահայտման արդի մարտահրավերներին և այլն: