Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։
Հանդիպմանը մասնակցում էին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայութան պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում։
Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, կարևորել այդ գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության դերը։
Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականության իրականացման, մասնավորապես, միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և այլ հարցեր։
Վահե Ղազարյանը Միխայիլ Շպինդելեգերին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ապաստան հայցողների համար նոր կենտրոնի բացման արարողությանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փոխգործակցությունը: