ՀՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։
Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024թ. 9 ամիսների ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 39.210.300.000 ՀՀ դրամ, որից 25.670.615.000 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառված վնասն է։
Իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է ընդհանուր 9.722.138.000 ՀՀ դրամի վնաս: Ընդ որում՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասի նշված ցուցանիշը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2․366․046․000 ՀՀ դրամով կամ 34․5%-ով։
Մասնավորապես, նախաքննության փուլում վերականգնվել է՝
պետությանը պատճառված վնասից՝ 9.206.315.000 ՀՀ դրամը,
համայնքին պատճառված վնասից՝ 31.422.000 ՀՀ դրամը,
իրավաբանական անձանց պատճառված վնասից 236.035.000 ՀՀ դրամը,
ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 248.366.000 ՀՀ դրամը։
Բացի այդ, 2024թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ անավարտ վարույթներով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին վերականգնվել է ևս 24.725.582.000 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասից՝ 24.515.239.000 ՀՀ դրամ, իսկ համայնքին պատճառված վնասից՝ 25.796.000 ՀՀ դրամ:
Այսինքն, 2024թ. առաջին 9-ը ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ավարտված և անավարտ վարույթներով հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 34.447.720.000 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 33.721.554.000 ՀՀ դրամ:
Վերականգնման հիմնական մասը ապահովվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների շրջանակներում:
Ընդհանուր առմամբ, փաստացի 2024թ․ առաջին 9 ամիսներին ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված և քննվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը, համայնքներին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված գրեթե նույնքան վնաս, որքան ամբողջ 2023թ․ ընթացքում (34մլրդ 756մլն ՀՀ դրամ)։