Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Սիմիդյանը՝ դեսպանին

07 Նոյեմբեր, 2024 19:17
Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Սիմիդյանը՝ դեսպանին

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։

«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,-նշել է նախարարը։

Տիկին Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` #COP17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։

«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,-նշել է նախարար Սիմիդյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։

Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։

Մասնավորապես քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։

Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ։

Քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարարավոր ուղղություններով։

 

Լրահոս

Դիտել ավելին