Կարևոր իրադարձություններ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

01 Նոյեմբեր, 2024 23:08
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։

Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան, Ֆրանսիայի Մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։

Բանախոսները, շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, ընդգծել են, որ ՄԱԿ-ի շենքում նման սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է։ Անդրադարձներ կատարվեցին Հայաստանի պատմությանը, անկախությանը, հայ-ֆրանսիական դարավոր կապերին ու ընդլայնվող համագործակցությանը։

Ելույթներից հետո տեղի է ունեցել Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա են եղել Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին