«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է և այդ ամենը «Իմ Քայլը» հիմնադրամն անում է բարեգործության նոր մշակույթ ձևավորելով․ բարեգործական ընթրիքը Հիմնադրամը դարձրել է ավանդույթ։
Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու համար՝ ելույթում ընդգծել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
«Իմ Քայլը» հիմնադրամը «Երիտասարդի երազանք» նախագծով հետաքրքրված բոլոր սկսնակ գործարարներին հիշեցնում է, որ ծրագրի շահառու դառնալու և դրամաշնորհ ստանալու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 4-ն է։ Ծրագրին կարող են դիմել 25-ից 40 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գործող փոքր բիզնես կամ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք։