Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում ու որոշումների կայացման մակարդակում (լուսանկարներ)

31 Հոկտեմբեր, 2024 10:55
Հակոբ Արշակյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում ու որոշումների կայացման մակարդակում (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը:

Հակոբ Արշակյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա և խնդիրների, և առաջընթացի մասին:

«Մեր քաղաքական ուժը և պետությունը հենց դրա աջակիցն են: Սա կարևոր և անկյունաքարային հարց է, քանի որ հանրության շահերը ներկայացնելիս պետք է հաշվի առնենք՝ կանայք են, որ լավագույնս տիրապետում են իրենց իրավունքներին և իրենց վերաբերող խոցելի հարցերին ու որոշում ընդունող մարմիններում պետք է ներգրավված լինեն, որոշումներ ընդունեն»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա վկայակոչել է նաեւ պետական համակարգում կանանց դերի բարձրացմանն ուղղված դրական քայլերն ու հավելել. «Չնայած մեր օրենսդրությամբ քվոտավորումը 30 տոկոսին է վերաբերում, բայց Հայաստանի խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 35 տոկոսից ավելի է»:

Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել նաև բանակցային գործընթացներում կանանց ներգրավվածությանը: «Խնդիրը ոչ միայն բուն բանակցային գործընթացին կանանց ներկայությունն է, որը շատ արժեւորում եմ, այլ այդ խաղաղության գործընթացում նրանց կարծիքի արտահայտման հնարավորությունն ու դրա ազդեցության կարևորությունը»,- կարծիք է հայտնել Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալը խնդիրների շարքում ընդգծել է կանանց կրթության, առաջնորդություն ու պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունների սահմանափակության հարցերը, հաճախ նաև նրանց նկատմամբ հասարակության՝ վարքագծային փոփոխությունների մղող վերաբերմունքը:

Չժխտելով ոլորտում խնդիրների առկայությունը՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է նաև էական առաջընթացը: Նրա խոսքով կանանց դերի բարձրացմանն ու նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը նպաստելու են խոսքի ու տեղեկատվական դաշտի ազատությունը, ազատ մամուլը, սոցիալական ցանցերը, տեխնոլոգիական առաջընթացը:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նրանք ևս տեսակետներ են հայտնել խաղաղության և անվտանգության գործընթացում կանանց մասնակցության խոչընդոտների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Սոնա Ղազարյանը, մասնավորապես, խոսել է կանանց տնտեսական և քաղաքական առաջխաղացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման, քաղաքական գործընթացներում երիտասարդ կանանց մասնակցության ապահովման խթանման կարևորության մասին: Նա ևս արժեւորել է խաղաղությանն ուղղված բանակցություններում կանանց դիրքորոշումը, ինչպես նաեւ բարձր է գնահատել նրանց ակտիվ գործունեությունը խորհրդարանական դիվանագիտության հարթակում:

Աննա Գրիգորյանի գնահատմամբ ևս եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեին այդ բանակցություններում, առաջընթացն այդ հարցում ավելին կլիներ: Պատգամավորն անդրադարձել է բարեփոխումների, քաղաքական որոշումների կայացման ու անվտանգության հարցում կանանց ունեցած ազդեցությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին