Կարևոր իրադարձություններ

Կայուն նորաձևության խթանումը Հայաստանում

30 Հոկտեմբեր, 2024 15:53
Կայուն նորաձևության խթանումը Հայաստանում

Ժամանակակից նորաձևության աշխարհում կայունության ապահովումն արդեն օրվա հրամակայան է։ Առաջարկն է ծնում պահանջարկ, և այսօր սպառողն ավելի ու ավելի է ձգտում գումար ծախսել այնպիսի հագուստի վրա, որն արտադրվել է էկո-բարեկամական սկզբունքով, էթիկական գործելակերպով և աշխատանքային արժանապատիվ պայմաններում: 

Կայուն նորաձևությունը վերաբերում է հագուստի մասին մեր ընկալումների վերանայմանը, «արագ նորաձևության» անցողիկ գրավչությունը մերժելուն և գիտակցված սպառման մշակույթի ձևավորվմանը։ Իսկ այսպիսի մոտեցումները յուրաքանչյուրիս մտածելակերպի անբաժան մասը դարձնելու համար պետք է, թերևս, սկսել կրթությունից։

Շուրջ 2 տարի 5 կազմակերպություններ Հայաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Սլովակիայից և Սերբիայից համատեղել էին ջանքերը՝ ստեղծելու կայուն նորաձևությանն ուղղված կրթական նյութեր։ Երկարատև ու ոչ միշտ հարթ աշխատանքային ուղու վերջում այս միջազգային թիմը կարողացավ ստեղծել կրթական առցանց հարթակ, որտեղ գրանցվելով յուրաքանչյուր օգտատեր կարող է անվճար մուտք ունենալ կրթական ինտերակտիվ մոդուլների՝ ամբողջն ուղղված կայուն նորաձևությանն ու շրջանաձև տնտեսությանը։։

Ծրագրի թիմը նաև ստեղծել է 30֊ից ավելի ոչ ֆորմալ կրթական գործիքներ՝ նյութերն առավել հետաքրքիր ու պրակտիկ ձևով երիտասարդներին ներկայացնելու համար։
Իսկ ահա կրթական մի շարք նյութեր, ինչպիսիք են կոմիքսների գրքերը, սեղանի խաղերը, քարտային խաղերն ու գլուխկոտրուկները, ուղղված մեկ նպատակի` կայուն նորաձևության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու կայուն սպառման մշակույթի ձևավորմանը, ապահովում են կրթական գործընթացի ոչ միայն բովանդակային ու ուսուցանող մասը, այլև այն դարձնում առավելագույնս զվարճալի ու հետաքրքիր։

Ինչպես նշում է ծրագրում Հայաստանի գործընկեր, «ՅունիԳրոուֆ զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թամարա Այդինյանը` իրենց գլխավոր նպատակը ծրագրի շարունակականությունն է, որին ուղղված մեկ այլ երկարաժամկետ ծրագիր է արդեն մեկնարկել` այս անգամ երիտասարդների առանջնորդմամբ, որի շրջանականերում լինելու են մի շարք առցանց և առկա իրազեկման արշավներ, տեղական դասընթացներ ու այլ բազմաբնույթ միջոցառումներ՝ հայ երիտասարդների շրջանում թեմայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ փոխանցելու ու կանաչ հմտություններ զարգացնելու համար։

Ծրագրի տարբեր փուլերում ներգրավված մասնակիցներից մեկն էլ Անի Խաչատրյանն է, ով աշխատում է Արմավիրի մարզպետարանում որպես մարզպետի օգնական։ Ըստ Անիի` մինչև ծրագրի մաս դառնալը նա երբևէ չէր լսել կայուն նորաձևության մասին, իսկ Իտալիայում դասընթացի մասնակցելուց հետո այնքան է տարվել թեմայով, որ ակտիվորեն ներգրավվել է «ՅունիԳրոուֆ զարգացման կենտրոն» ՀԿ-ի բոլոր իրազեկման միջոցառումներին ու խաղերի ստեղծմանը։

«Այս ծրագիրն անչափ հետաքրքիր էր ինձ համար, ծրագրի ավարտից հետո էլ ես մեծ ոգևորվածությամբ պատմում եմ ընկերներիս այս կարևոր գաղափարի ու նախաձեռնության մասին։ Ծրագիրը շատ բան փոխեց իմ մեջ, ես իմ օրինակով եմ ուզում տարածել կայուն նորաձևության գաղափարը, քանի որ «արագ նորաձևությունը» անցողիկ գրավչություն է, իսկ ես մերժում եմ այն»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին