Կարևոր իրադարձություններ

Արփինե Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել է ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

28 Հոկտեմբեր, 2024 22:42
Արփինե Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել է ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 99,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 5,9 մլրդ դրամ։

2025 թվականի պլանավորված բյուջեով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 87,2 մլրդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցած միջոցները՝ 77,4 մլրդ դրամ, գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 17,8 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 5,9 մլրդ դրամ:

Ընթացիկ ծախսերի գծով 8 մլրդ դրամի ավելացումը պայմանավորված է.

1. Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի և Ջրային պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձերի, ինչպես նաև ՆԳՆ ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարների ապահովմամբ,

2. Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի և այլ ապրանքների ու նյութերի ձեռք բերման անհրաժեշտությամբ,

3. Մեկ միասնական կրթահամալիրի ձևավորմամբ (Ոստիկանության կրթահամալիրի և ՃԿՊԱ միավորում):

Կապիտալ հատկացումները՝ 5,9 մլրդ դրամը, հիմնականում վերագրվում են.

1. Ոստիկանության գվարդիայի, քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության ստեղծման համար տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային ձեռնաշղթաների (ընտանեկան բռնության կանխարգելում, պաշտպանություն), ՁՊՎ-ների կապիտալ վերանորոգումների, ազդանշանային և տեսահսկողության համակարգերի, ինչպես նաև վարչական և այլ սարքերի ու սարքավորումների ձեռք բերմանը,

2. Փրկարար ծառայության (ներդրումային ծրագիր՝ 2,365 մլն դրամ, 4 մարզի համար) Արմավիրի և Կոտայքի մարզերում արտակարգ դեպքերին և պատահարներին արագ արձագանքելու համար փրկարարական, հրդեհաշիջման մեքենաների ձեռք բերմանը (Արագածոտնի և Արարատի մարզերում ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների հատկացումը հաստատվել է ՆԳՆ 2025-2027 թթ. ՄԺԾԾ-ով 2026 թ. համար),

3. Շենք-շինությունների շարունակական շինարարությանը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունը գալիք տարում կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ:

Ըստ առանձին միջոցառումների, ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությանը և ձևաչափին համապատասխան, մշակվել և բյուջետային հայտում ներառվել է 120 արդյունքային չափորոշիչ (ցուցանիշ)՝ դրանով ըստ էության ապահովելով նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապվածությունը:

Կառավարության բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված՝ ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ներքին գործերի նախարարություն ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված, մշակվել և ՆԳՆ ծրագրային բյուջեում ներառվել են ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության վերջնական արդյունքի գնահատման (թիրախային) հետևյալ հիմնական ցուցանիշները.

- հասարակական վստահության մակարդակի աճը՝ 2022 թ․ 70%-ից 2026 թ․՝ 75%,

- բացահայտված հանցագործությունների մակարդակի աճը՝ 2022 թ․ 41,8%-ից 2026 թ.՝ 50%,

- առավել լատենտային հանցագործությունների հայտնաբերման մակարդակի աճը՝ 2022 թ․ 10,9%-ից 2026 թ․՝ 12%,

- սեյսմիկ պաշտպանության տեսակետից գնահատված օբյեկտների քանակի աճը՝ 2023 թ․5%-ից 2027 թ․՝ 10%,

- տեղեկացված բնակչության թվաքանակի աճը՝ 2022 թ. 5%-ից 2026 թ․՝ 10% և ծրագրային բյուջեի 3-րդ հավելվածով ներկայացված ևս 2 հիմնական ցուցանիշ։

Մինչև 2025 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումներին անդրադառնալը, փոխնախարարն ամփոփ ներկայացրել է հանցավորության և դրա դեմ տարվող պայքարի շրջանակում 9 ամիսների վիճակագրությունը, ինչպես նաև տվյալներ ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասով:

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ դրանք շարունակվելու են նաև 2025 թվականին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին