Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Զուլալի» ֆիլմի նկարահանող խմբի անդամներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ

28 Հոկտեմբեր, 2024 17:11
Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Զուլալի» ֆիլմի նկարահանող խմբի անդամներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի առթիվ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ հիմնարկում կազմակերպվել էր ծավալուն կրթամշակութային միջոցառում։ Ազատազրկված կանանց համար ցուցադրվել է «Զուլալի» ֆիլմը՝ նկարահանված ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա։  

Ազատազրկված անձանց հետ հանդիպելու և ֆիլմը ներկայացնելու համար հիմնարկ էին այցելել ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը և Զուլալիի կերպարը մարմնավորած դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։ 

Հյուրերը պատմել են՝ ինչպես է ծնվել ֆիլմը նկարահանելու գաղափարը, խոսել են նկարահանումների ընթացքում առաջացած մարտահրավերների, զավեշտալի դրվագների, հետաքրքիր իրադարձությունների մասին։ 

Ազատազրկված կանայք մեծ հետաքրքրությամբ դիտել են ֆիլմը, քննարկել այն նկարահանող խմբի հետ, հայտնել իրենց կարծիքները։

Բացի այդ՝ նույն օրը Հայաստանի կինոյի հիմնադրամի անդամների կողմից Երևանում ընթացող «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ազատազրկված կանանց համար ցուցադրվել է իսպանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Ալմայի հոգեվիճակը»։ Այսպիսով՝ ազատազրկված կանայք ևս անմասն չեն մնացել ամենամյա հայկական միջազգային այս փառատոնին մասնակից լինելուց։ 

 

Լրահոս

Դիտել ավելին