Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի աշխատանքները

26 Հոկտեմբեր, 2024 10:44
Մեկնարկել են Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի աշխատանքները

Հայաստանում անցկացվել է ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը (AFCA 2024)։

Կոնֆերանսն իրականացվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ 

Ագրոանտառաբուծության կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել և քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։

«Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի կառավարության և մասնավորապես՝ «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ FORACCA-ի նախնական փուլում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմն իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն, և դրա շնորհիվ մենք կկարողանանք ներդնել երկարաժամկետ համակարգեր։ Կոնֆերանսին մասնակցելու համար արտերկրից ժամանել են հյուրեր, ինչը ևս շատ կարևոր է փորձի փախանակման համատեքստում», - իր խոսքում նշել է ՀԱԱՀ ծրագրի ավագ համակարգող, ռեկտորի խորհրդական Էմիլ Գևորգյանը։

Կոնֆերանսի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ով կարևորել է ծրագրի անցկացումը։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք ակտիվ համագործակցություն FORACCA ծրագրի շրջանակում։ Շրջակա միջավայրի մարտահրավերներին դիմագրավելը մեզ համար կարևորագույն հարցերից է։ Այս համատեքստում ագրոանտառաբուծությունը նոր հնարավորություններ է ընձեռում շատերի համար, այն նաև օգնելու է բացել նոր աշխատատեղեր, նոր թափ է հաղորդելու գիտահետազոտական աշխատանքներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կոնֆերանսի կազմակերպիչներին, այստեղ հնարավորություն կունենանք վերհանել առկա խնդիրները, գտնել նոր լուծումներ։ Մենք պատրաստ ենք համագործակցության համար», - իր խոսքում նշել է Համբարձում Մաթևոսյանը։

Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի կամակերպիչներին՝ ընդգծելով, որ քննարկվում են ագրոանտառաբուծությանն առնչվող մարտահրավերներ, և իրենք կարևորում են այս իրադարձությունը, քանի որ այդպիսով ազդարարվում է ագրոանտառաբուծության հայկական ծրագրի մեկնարկը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն էլ խոսքում ընդգծել է կլիմայական փոփոխությունները, որոնք սպառնում են Հայաստանին։ Նա շեշտել է, որ ագրոանտառաբուծությունը արդյունավետ պայքարի միջոց է՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Ագրոանտառաբուծության կարևորությունը և ակնկալվող արդյունքները», «Ագրոանտառաբուծության ներածություն և ներկա վիճակը Եվրոպայում»։ Կներկայացվեն «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի և ագրոանտառաբուծության բաղադրիչի նախնական արդյունքները, ինչպես նաև «Ագրոանտառաբուծական պրակտիկաները Հայաստանում»։

Իրականացվել է նաև երեք պանելային քննարկում՝ «Խթանել սոցիալական ներառականությունը․ Համայնքների կարիքները և օգուտները», «Աջակցել ագրոէկոլոգիական վերափոխմանը տնտեսական կայուն զարգացման համար», «Նպաստել հնարավորությունների միջավայրի ձևավորմանը․ Իրավական մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրերով։

Կոնֆերանսի ավարտին ազդարարվելէ Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին