Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում օրակարգային չորս նախաձեռնությունները։
Մասնավորապես՝
Ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով:
Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով:
«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ. նոյեմբերի 1-ից։
ՆԳՆ կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման ակադեմիան միավորելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի քաղաքացիական կառավարմամբ միասնական ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա մեկ կետից արդյունավետ ապահովել կառավարման գործընթացն ու փոփոխել կրթության կազմակերպման բովանդակությունը։
Փոփոխություններ են կատարվել քրեական, քրեական դատավարության օրենսգրքերում և հարակից մի շարք օրենքներում, որոնց արդյունքում հստակեցվել է կիբեռհանցագործությունների ցանկը։ Օրենսդրական կարգավորումներով նախատեսվում է նաև IP հասցեն ստանալ բացառապես դատարանի որոշմամբ (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ): Անկանխիկ գործառնությունների մասով օրենսդրական կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից: Հստակեցումներ կկատարվեն կրիպտոակտիվների շուկայի մասով. կներդաշնակեցվի օրենսդրական դաշտը, կրիպտոակտիվների ձեռքբերումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով:
Ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենսդրական նախաձեռնությունը բխում է ոլորտում տեղի ունեցող համալիր փոփոխություններից՝ պայմանավորված Կառավարության կողմից ընդունված աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով։