ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից ակնկալիքների վերաբերյալ հարցին:
«Մեզ համար քննարկումների տարբեր հարթակներում ներկա գտնվելը և ՀՀ տեսակետները ու դիրքորոշումները կիսելը տարբեր հարթակներում տարբեր գործընկերների հետ կարևոր է և նաև նրանց ուղերձները լսելը, մանավանդ որ ԲՐԻԿՍ-ի ընթացիկ գագաթնաժողովը վերաբերում է, ինչպես ձևակերպված է՝ «Գլոբալ հարավի» խնդիրներին, և կարծում եմ՝ այդ օրակարգն ուղիղ առնչվում է ՀՀ-ին:
Մենք խնդիր ունենք, և կարևոր հնարավորություն է մեզ համար, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար: Գիտեք, և դա ասում եմ հաճույքով, որ ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքն ասելու համար:
Ամենակարևոր շարժառիթը սա է, բայց ոչ պակաս կարևոր շարժառիթ է, որ հրավեր ենք ստացել ՌԴ նախագահից անձամբ, և ընդունել եմ այդ հրավերը, և, կարծում եմ՝ այդտեղ գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար:
Վերջերս նաև Նյու Յորքում էի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային էի մասնակցում, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն մասնակցեցի, և, կարծում եմ՝ տարբեր հարթակներում ՀՀ-ի շփումները, տեսակետներ կիսելը և նաև գնահատականներ լսելը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև գլոբալ զարգացումների մասին շատ կարևոր են, որովհետև այդ տեղեկատվությունը մեզ օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»,- ասել է Փաշինյանը։