Կարևոր իրադարձություններ

Թանգարանների կառավարման գործում կարևորվում է նորարարությունը. Ալֆրեդ Քոչարյան (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2024 17:39
Թանգարանների կառավարման գործում կարևորվում է նորարարությունը. Ալֆրեդ Քոչարյան (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է գիտաժողովի խորագրին՝ ընդգծելով պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կարևորությունը հատկապես դժվարին ժամանակներում, երբ թանգարանային ոլորտը բախվում է տարբեր մարտահրավերների: Նրա դիտարկմամբ՝ միշտ չէ, որ այդ դժվարությունները պայմանավորված են տնտեսական բաղադրիչով: Նախարարի տեղակալն իբրև մարտահրավեր նշել է արդի տեխնոլոգիաների ներդրումը, ինչը ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչ է, սակայն պահանջում է ժամանակ և համառ աշխատանք:

«Այս պայմաններում թանգարանների՝ որպես մշակութային ժառանգության պահապանների և կրթական հարթակների դերը դառնում է ավելի պատասխանատու, իսկ թանգարանների մասնագետներից պահանջվում է ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ և հստակ էթիկական դիրքորոշում: Այսօր, երբ տեխնոլոգիական առաջընթացը և գլոբալիզացիան մեզ ստիպում են վերագնահատել մոտեցումները մշակույթի պահպանման և փոխանցման հարցում, կարևորվում է նորարարությունը թանգարանների կառավարման գործում։ Մշակութային քաղաքականության պետական առաջնահերթություններից է թանգարանների ոլորտի զարգացումը, որի ուղղությամբ նախարարության կողմից իրականացվում են լայնամասշտաբ ծրագրեր: Ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, արդիականացվում է թանգարանների կառավարման ոլորտը՝ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որով, ըստ էության, ներդրվել է թանգարանների կառավարման նոր մոդել, գործարկվել է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը, շարունակվում են կապիտալ-գույքային համալրումների աշխատանքները, թանգարաններում առաջին պլան է մղվում միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Թանգարանների ոլորտում իրականացրած նշանակալից իրադարձություններից նախարարի տեղակալը մատնանշել է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացումը, որտեղ ցուցադրվում են Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գխուխը և ձեռքը: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը հիշատակել է նաև Գրականության և արվեստի թանգարանի համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ. Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի՝ Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորության արարողությունը, որին հաջորդել է Փարիզի ազգային պանթեոնում թանգարանի հավաքածուից 3 ցուցանմուշների ցուցադրությունը, Ռուսական արվեստի թանգարանի և «Տրետյակովյան պատկերասրահի» համագործակցությունը: Միջազգային խոշոր ծրագրերից Ալֆրեդ Քոչարյանն առանձնացրել է նաև Սերգեյ Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակներին ընդառաջ Պոմպիդուում կազմակերպված հոբելյանական ցուցադրությունները:

«Միջազգային համագործակցության և փորձի փոխանակման վառ վկայություն է նաև այս գիտաժողովը: Մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, որը նոր գաղափարների փոխանակման հնարավորություն կտա և կնպաստի թանգարանների զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ նվիրվածության և ջանքերի համար շնորհակալություն հայտնելով թանգարանային ոլորտի աշխատակիցներին և գիտաժողովի կազմակերպիչներին:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Հայաստանից և 11 երկրներից: Ոլորտի մասնագետները հանդես կգան զեկուցումներով, տեղի կունենան ԻԿՕՄ-ի` համատեղ տարեկան գիտաժողովներում ընդունված ձևաչափերով մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ։

Գիտաժողովի գլխավոր զեկուցողներն են պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, Բարսելոնայի համալսարանի մշակութային կառավարման ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Լուիս Բոնեթը, գերմանացի էթնոլոգ, հետազոտող դոկտոր Քեթրին Փաբսթը: Բանախոսները ընդարձակ զեկույցներ կներկայացնեն պատերազմական կամ այլ դժվարին պայմաններում թանգարանների առջև ծառացող հիմնախնդիրների վերաբերյալ: Գիտաժողովի երրորդ օրը Երևանի պետական համալսարանում ուսանողների համար նախատեսված են հատուկ սեմինարներ, որոնք կվարեն ԻԿՕՄ ԻՔԹՕՓ-ի և ԻԿՕՄ ԱՅՍԻ ԷԹԻՔՍԻ խորհրդի անդամները։ Գիտաժողովին մասնակցությունը նախապես գրանցումով է։

Գիտաժողովի իրականացմանն աջակցել են նաև Երևանի պետական համալսարանը, Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանը։

 

Լրահոս

Դիտել ավելին