Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով հասանելի կրթական հնարավորությունների ստեղծումն ու շարունակական կրթության ապահովումը, կոմիտեի աշխատակիցների համար ներդրել է էլեկտրոնային ուսուցման հարթակ։
Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՊԵԿ էլեկտրոնային ուսուցման հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառումը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, ՊԵԿ ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրանուհի Խալաֆյանը, հարթակի ստեղծման աշխատանքում ներգրավված անձինք և այլ հյուրեր։
Էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի համագործակցության շնորհիվ՝ «Հայաստան բարեվարքություն» ծրագրի շրջանակում։ Նշվածծրագրի շրջանակում մշակվել և հրապարակվել են նաև «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույց» ձեռնարկը, «Բարեվարքության կանոններ» թեմայով առցանց դասընթացը։ Մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին հարկային և մաքսային ծառայողները հնարավորություն ունեն մասնակցելու առկա, հեռավար և առցանց եղանակով։ E-learning հարթակ կարելի է մուտք գործել Հայաստանի ցանկացած մարզից։ Դասընթացի մասնակիցները կարող են ուսուցանվել անկախ գտնվելու վայրից և ժամանակից։ Հարթակն ապահովում է ինտերակտիվություն՝ ներառելով տեսական մաս, տեսանյութեր և թեստեր: Առցանց ուսուցման դեպքում կան դասընթացներ, որոնց դեպքում ամփոփիչ քննության սահմանված շեմը հաղթահարելիս մասնակիցներին տրվում է վկայական։
Էլեկտրոնային ուսուցման հարթակից արդեն իսկ օգտվել է 200 մասնակից և, մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի շրջանակում, առաջիկայում շուրջ 415 հոգի ևս կհամալրի առցանց տարբերակով ուսուցանվող մասնակիցների շարքը։