Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2024 16:07
Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ևՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 

Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է «Գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքներ. գործնական հմտություններ, փոշեզրկում, փաթեթավորում» թեմայով  վերապատրաստման դասընթացը: Ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտը՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին: Նրա ընդգծմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է մշակութային համագործակցության լայն շրջանակ, որի կարևորագույն թիրախներից է մշակութային ժառանգության պահպանությունը. «Վերապատրաստման դասընթացը կարևոր նախաձեռնություն է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման, ֆրանսիական լավագույն փորձի փոխանցման, մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարների ընդլայնման համատեքստում»: 

Նշենք, որ քառօրյա  դասընթացն անցկացվելու է տեսական և գործնական աշխատանքներով, օրինակ՝ ինչպես են Ֆրանսիայում իրականացվում գրավոր ժառանգության ոլորտում պահպանմանն ուղղված աշխատանքները,  գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքները, գրքի, կաշվի, մագաղաթի պատրաստման մեխանիզմը, փոշուց մաքրելու գործընթացը, փաթեթավորման և պահեստավորման եղանակները, սանիտարական միջոցները, մանրէաբանական վարակազերծումը և այլն: 

Դասընթացը կամփոփվի գործնական աշխատանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին