Կարևոր իրադարձություններ

Մատենադարանում կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա է բացվել

11 Հոկտեմբեր, 2024 23:52
Մատենադարանում կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա է  բացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մ․ Մաշտոցի անվան Մատենադարում մասնակցել է ձեռագրերի պահպանման արդիական ենթակառուցվածքի՝ կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի բացմանը:

Լաբորատորիայի շնորհանդեսին հաջորդել է Մատենադարանի աշխատակիցների կողմից վերականգնված Հայաստանի տարբեր մշակութային կառույցների գրավոր նմուշների ցուցադրությունը՝ «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով։

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին կարևոր օրվա առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին համագործակցության համար։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանները որակի ապահովման կարևոր բաղադրիչ են, և Մատենադարանում բացված նոր լաբորատորիան էապես կբարելավի իրականացվող աշխատանքները՝ որակապես նոր հարթության վրա դնելով Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում։

«Երբ միավորում ենք պետության, մասնավոր կառույցների և հանրության ջանքերը, միանշանակ շահում ենք բոլորս։ Մատենադարանն այն վայրն է, որտեղ շաղկապված են մեր պատմությունը, ժառանգությունն ու ներկան։ Մատենադարանում արված ցանկացած ներդրում կարևոր նշանակություն ունի, քանի այն վաղուց միայն հայաստանյան նշանակության կառույց չէ, այլ ունի միջազգային կարևոր դիրքավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը բարձր է գնահատել նաև «Մատենադարանի ճառագող առաքելությունը» ցուցադրությունը՝ վերականգնող մասնագետների աշխատանքն արժևորելու տեսանկյունից.

«Վերականգնողներն այն մասնագետներն են, որոնց աշխատանքն ավելի տեսանելի պետք է դարձնել հանրության շրջանում, որովհետև նրանք հաճախ աննկատ են մնում իրենց կատարած հսկայածավալ աշխատանքի հետևում։ Նմանատիպ ցուցադրությունները մատնանշում են նրանց աշխատանքի կարևորությունը»։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին