ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 9-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, մասնակցել է Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, որի հիմքում դրված է նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության, մարդկային ներքին կապիտալի զարգացման, տաղանդների բացահայտման փիլիսոփայությունը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածի գործընկերների հետ համահունչ և ներդաշնակ գործունությունը։
Անդրադառնալով STEP.ai ծրագրին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն երկկողմ պատրաստակամություն է՝ համատեղելու ջանքերը, որպեսզի դեռ դպրոցում՝ հանրակրթության մակարդակում, աշակերտները սկսեն ճանաչել, ծանոթանալ արհեստական բանականության (ԱԲ) գործիքներին:
«Վստահ եմ, որ ԱԲ-ի այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու է մեր երկրի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ շատ չեն այն երկրները, որտեղ հանրակրթական մակարդակում ԱԲ բովանդակությամբ մի քանի ծրագիր է գործում:
«Սա թույլ է տալիս Հայաստանն իրապես դիրքավորել որպես մի երկիր, որտեղ տեխնոլոգիական զարգացման նկատմամբ պահպանողական մոտեցումները փոխարինվել են նորարարական, համարձակ և ճկուն մոտեցումներով։ STEP.ai-ը՝ նորարության, մասնավոր և ինդուստրիալ հատվածի, համատեղ աշխատելու և գեղեցիկ համագործակցության մասին է»,- ընդգծել է նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Սինոփսիս» հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներն ու համագործակցության նոր փուլի մեկնարկը:
«Մենք այն քիչ երկրներից ենք, որ այսօր դպրոցներում արհեստական բանականության դասընթացների տարբեր փորձեր ունենք՝ դարձյալ մասնավոր ոլորտի հետ համագործակցության արդյունքում: Եթե մյուս երկրները մտածում են՝ ինչպես մոտենալ այս հարցին, մենք արդեն ունենք մի քանի մոտեցումներ ու փորձնական ծրագրերի արդյունքներ, և ինքներս կարող ենք համադրել ու հասկանալ ուսուցման առավել արդյունավետ եղանակը: Ընդ որում՝ սա մի դաշտ է, որտեղ կարող ենք տարբեր մոտեցումներ որդեգրել և դրանք կիրառել տարբեր իրավիճակներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ արդեն իսկ միջազգային տարբեր հարթակներում հետաքրքրված են Հայաստանի փորձով:
Ներկաներին ողջունել են նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը,ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև STEP.ai Արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրությունը և վկայականների հանձնման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ԱԲ ծրագրի հեղինակները, փորձագետները, ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները, ուսուցիչները, տնօրենները, աշակերտների ծնողները։
STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին մի շարք դպրոցներում՝ ավագ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է «Սինոփսիս» հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: ԱԲ ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։